Բանակի ու զինվորի հանդեպ առանձնահատուկ վերաբերմունքը հայերի նկարագրի անբաժանելի մասն է. նախագահ Արմեն Սարգսյան
Բանակը ոչ միայն երկրի անվտանգության ու խաղաղության երաշխավորն է, այլև` երկրի տնտեսության անբաժանելի մասը: Այս մասին նշեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ նախագահական նստավայրում Բանակի օրվա առիթով պարգևատրման հանդիսավոր արարողությանը:
«Բանակը ոչ միայն սպառող, այլև` ստեղծող, իր հետևից տանող կառույց է: Բանակն արդյունաբերության ու գիտության համար թե՛ պատվիրատու է, թե՛ նրանց առաջընթացի մասնակից»,-ասաց նախագահ Սարգսյանը:
Ռազմարդյունաբերության ու գիտահետազոտական ոլորտի համար բանակն առաջադրում է խնդիրներ` ակնկալելով ժամանակակից ու նորարարական, նաև հաճախ անսպասելի որոշումներ, որոնք պարտադիր չէ, որ լինեն արտատպումը կամ կրկնօրինակումն օտար լուծումների:
«Բանակը խնդիր ունի մասնակցելու ոչ միայն երկրի պաշտպանությանը, այլև տնտեսության զարգացմանը՝ սերտորեն համագործակցելով և՛ գիտական մարմինների, և՛ գործարար շրջանակների, և՛ բոլոր այն քաղաքացիների հետ, ովքեր ցանկություն ունեն իրենց ներդրումը բերել»,-ընդգծեց Արմեն Սարգսյանը:
Բանակի ու զինվորի հանդեպ առանձնահատուկ վերաբերմունքը, նրա խոսքով, հայերի նկարագրի անբաժանելի մասն է: Բոլոր ժամանակներում այդ վերաբերմունքը դրսևորվել է առանձնահատուկ բարյացակամությամբ, սրտացավությամբ, հոգատարությամբ և սիրով: