Բաժիններ՝

«Այժմ արդեն ճանապարհը բաց է. Ցուցարարները ոստիկանությանը չէին ենթարկվում, բայց ակցիան դադարեցվել է»

Թուրքիայից Հայաստան ապրանք ներկրողները դադարեցրին Բագրատաշենի մաքսակետում անցկացվող բողոքի ակցիան ու բացեցին մաքսակետի ճանապարհը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Տավուշի մարզի Այրում համայնքի ղեկավար Արայիկ Պարանյանը:

«Այժմ արդեն ճանապարհը բաց է: Ցուցարարները ոստիկանությանը չէին ենթարկվում, բայց ակցիան դադարեցվել է խցանման մեջ գտնվող վարորդների ջանքերով»,- ասաց Պարանյանը:

Հունվարի 26-ին ակցիայի մասնակիցները 50-60 մեքենաներով փակել էին ճանապարհը:

Այրում համայնքի ղեկավարի խոսքով` բողոքի ակցիայի մասնակիցներն ընդվզում էին 2019 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած օրենքի նախագծի դեմ, որի հետևանքով առանց մաքսատուրքերի ու հարկերի վճարման չեն կարողանում 25 կգ-ից ավելի ապրանք ներմուծել:

ՀՀ սահմանային անցակետերում ֆիզիկական անձանց իրազեկող գրություն է հայտնվել առ այն, որ 2019-ի հունվարի 1-ից ֆիզիկական անձինք կարող են իրենց հետ ունենալ մինչև 25 կգ քաշով անձնական օգտագործման ուղեբեռ, որի արժեքը չի գերազանցում 500 եվրոն։

2019 թվականի հունվարի 1-ից առանց մաքսատուրքերի ու հարկերի վճարման ներմուծվող ապրանքների արժեքային չափը կրճատվելու է 3 անգամ, իսկ կշիռը՝ 2 անգամ: Փոփոխությունները նախատեսված են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի` 2017թ. դեկտեմբերի 20-ի «Անձնական օգտագործման ապրանքների հետ կապված առանձին հարցերի վերաբերյալ» թիվ 107 որոշման մեջ ԵՏՀ 2018թ. նոյեմբերի 1-ի թիվ 91 որոշմամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս