Հայաստանցիները բանկերի դեմ բողոքել են հիմնականում սպառողական վարկերի հետ կապված
Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակին ուղղված բանկերի դեմ բողոքները հիմնականում վերաբերել են սպառողական վարկերի հետ կապված իրավահարաբերություններին: Նախորդ տարի՝ 2018-ին քննության է ընդունվել 662 գրավոր պահանջ:
Այս մասին Գրասենյակի 10-ամյակին նվիրված ասուլիսում ասաց Ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանը:
«Բանկերի դեմ բողոքները հիմնականում վերաբերում են սպառողական վարկերի հետ կապված իրավահարաբերություններին: Դա տեսակարար կշռով ամենամեծն է, սակայն մենք ստանում ենք նաև քարտային զեղծարարության վերաբերյալ բողոքներ, ավանդային պայմանագրերի հետ կապված վեճեր»,-ասաց Սարգսյանը:
Նա նշեց, որ բողոքների թվի աճի միտումը նույնն է: Սակայն բողոքների կառուցվածքի տեսանկյունից քարտային զեղծարարության հետ կապված բողոքները մի փոքր քչացել են։ Ավելացել են սպառողական կրեդիտի հետ կապված բողոքները:
Հաշտարարը նկատեց նաև, որ ֆինանսական կրթության ծրագիրը վարքագծի փոփոխություն է իրականացնում: Հաճախորդները տարեցտարի ավելի ճիշտ հարցադրումներով են դիմում գրասենյակին, ավելի կրթված են և գիտեն, թե որ դեպքում պետք է դիմեն հաշտարարի:
2018թ. Գրասենյակ է ներկայացվել ընդհանուր 6,421 բողոք, որոնցից 5,892-ը վերաբերում է ֆինանսական համակարգին: Նախորդ տարվա համեմատ ֆինանսական համակարգին վերաբերող բողոքների ցուցանիշն աճել է 34.77%-ով: Գրասենյակի կողմից 2018թ.-ին քննության է ընդունվել թվով 2,959 պահանջ, ինչը 77.00%-ով գերազանցում է նախորդ տարվա՝ 2017թ.-ի համապատասխան ցուցանիշը: