Բաժիններ՝

Խոշոր պարգևավճարներ՝ ղեկավար անձնակազմերին

Պարգևատրումների սկանդալային թեման նոր զարգացումներ է ապրում։
ԶԼՄ-ներում արդեն իսկ հրապարակվել է Քաղաքապետարանի ու մարզպետարանների պարգևատրումների մասին։

Այսպես, քաղաքապետ Հայկ Մարությանն Ամանորից առաջ համակարգի թվով 1628 աշխատակիցների պարգևատրել է ընդհանուր 474 միլիոն դրամի չափով։

Ըստ hetq.am-ի՝ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը ևս անմասն չի մնացել իրեն, տեղակալներին, օգնականներին, վարչության պետերին պարգևատրելուց: Թեև պարգևատրումն օրենքով նախատեսված խրախուսման միջոց է, սակայն Գարիկ Սարգսյանն ավելի հեռուն է գնացել, քան իր գործընկերները: Նա 2018թ. դեկտեմբերի 24-ի թիվ 312 կարգադրությամբ՝ մարզպետարանում աշխատող 15 անձանց, այդ թվում՝ իրեն, պարգատրել է 104.5 % դրույքաչափով: Հավանաբար գումարի չափն աչք «չծակելու» համար չի նշվել կարգադրության մեջ:

Արմավիրի մարզպետ Հ. Մաթևոսյանն էլ՝ իր դեկտեմբերի 25-ի կարգադրությամբ, աշխատավարձի ֆոնդի տնտեսված միջոցների հաշվին միանվագ դրամական պարգատրմամբ խրախուսել է իրեն, տեղակալներ Ալեքսանդր Ղուկասյանին և Կարեն Գրիգորյանին, օգնականներ Խաչիկ Ինջյանին, Արմինե Գալստյանին և խորհրդական Նվեր Պետրոսյանին, ինչպես նաև մարզպետի տեղակալի օգնական Վիկտորյա Գալստյանին, ով մարզպետի օգնական Արմինե Գալստյանի քույրն է:

Մարզպետարանի աշխատակիցների պարգևատրման նպատակով հատկացվել է 4 մլն 177 հազար դրամ:

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը 2018 թ-ի դեկտեմբերի 17-ի
կարգադրությամբ պարգևավճարներ են ստացել հետևյալ անձինք.

Մարզպետի տեղակալ Առնակ Ավետիսյան- 460 հազար 334 դրամ
Մարզպետի տեղակալ Վասակ Վարդանյան- 460 հազար 334 դրամ
Մարզպետի տեղակալ Լարիսա Մադոյան- 460 հազար 334 դրամ
Մարզպետի օգնական Գևորգ Առուստամյան- 258 հազար 938 դրամ
Մարզպետի օգնական Անի Չիլինգարյան- 258 հազար 938 դրամ
Մարզպետի տեղակալի օգնական Մարիամ Հակոբյան- 172 հազար 625 դրամ
Մարզպետի տեղակալի օգնական Սաթենիկ Միքայելյան- 172 հազար 625 դրամ
Մարզպետի տեղակալի օգնական Պավել Ցուգունյան- 172 հազար 625 դրամ
Մարզպետարանի գլխավոր քարտուղար Լևոն Պետրոսյան- 426 հազար 384 դրամ

Պարգևատրվել են նաև վարչությունների պետեր: Պարգևատրումների ընդհանուր չափը կազում է 5 միլիոն 792 հազար 728 դրամ:

Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը 2018թ. դեկտեմբերի 25-ի թիվ 317-Ա և 318-Ա կարգադրություններով պարգևատրել է իրեն և մարզպետարանի ևս 21 աշխատակիցների: Նույն օրվա երկու կարգադրություններով էլ պարգևատրվողները նույն անձինք են՝ մարզպետը, տեղակալները, խորհրդականներ, օգնականներ, վարչության պետեր և այլք:

Երեկ Yerevan.today կայքի հրապարակումից պարզ դարձավ, որ ՀՀ Պետեկամուտների կոմիտեում ևս աստղաբաշխական պարգևատրումներ են գրանցվել։

«Պարգևատրումների աղմկահարույց թեման նոր թափ է հավաքում։ Մեզ հասած տեղեկատվության համաձայն՝ Պետական եկամուտների կոմիտեում շարքային աշխատակիցների շրջանում լուրջ դժգոհությունների ալիք է բարձրացրել ՊԵԿ ղեկավարության դեկտեմբերին ստացած պարգևատրումները։

Պարգևատրումների մասին տեղեկատվության պաշտոնական պատասխանի համար դիմում ենք ՊԵԿ-ին․

Ներկայացնում ենք դեկտեմբերին նրանց ստացած աշխատավարձային և պարգևատրումային ֆոնդը.

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյան – 8 մլն 55 000 դրամ
ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Մաշադյան Ռաֆիկ – 9 մլն 60 000 դրամ
ՊԵԿ աշխատազմի ղեկավարի տեղակալ Գևորգյան Էդգար – 6 մլն 456 000 դրամ
ՊԵԿ խոշոր հարկատուների վարչության պետ Արթուր Հարությունյան – 2 մլն 930 000 դրամ
ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյան – 6 մլն 6000 դրամ
ՊԵԿ նախագահի օգնական- Էլիզաբեթ Մամիկոնյան – 2 մլն 120 000 դրամ
ՊԵԿ նախագահի խորհրդական, ՀՀ ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանի գործավարուհի Սաթինե Գզողյան – 2 մլն 763 000 դրամ
ՊԵԿ լրատվության պատասխանատու, խոսնակ Լուսինե Մկրտչյան- 2 մլն 30.000 դրամ
ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետի խորհրդական Սերգեյ Թաիրյան – 1 մլն 574 000 դրամ։

Վերջինս Սաթինե Գզողյանի ամուսինն է։ Ի դեպ, ամուսինները նաև հարկային ծառայողներ չեն։

Եվ սա՝ այն դեպքում, երբ ՊԵԿ շարքային հարկային տեսուչները, ծառայողները ստացել են 100 – 200 000 դրամ։

Նման չափով խրախուսանք չի եղել ՊԵԿ որևէ նախագահի օրոք։

Ի դեպ, խոսակցություններ կան, որ ՊԵԿ-ն իրականում ղեկավարում է առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը, ով դեկտեմբերին ստացել է ամենաբարձր գումարը՝ աշխատավարձը և պարգևատրումը միասին՝ 9 մլն 60 000 դրամ»,- գրել է Yerevan.today-ը։

Ի դեպ, երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսից ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել է մարզպետների և մի շարք այլ պաշտոնյաների սկանդալային պարգևավճարներին, որոնք, արդեն մի քանի օր է՝ խիստ քննադատության են արժանանում համացանցում: Փաշինյանի խոսքով՝ պարգևավճարներն ու աշխատավարձերը վճարվում են պետական բյուջեով նախատեսված այն միջոցներից, որոնք նախատեսված են հենց աշխատավարձերի ու պարգևավճարների համար:

«Ըստ էության, պարգևավճարներն աշխատավարձի մաս են: Այդպիսի համակարգ է այսօր գործում ՀՀ-ում, և ամեն եռամսյակը մեկ պետական կառավարման համակարգի աշխատողների առնվազն մի մասը ստացել է պարգևավճարներ»,- ասել է նա:

Փաշինյանը հայտարարել է, որ պարգևավճարների խնդիրը կապված է պետական համակարգում համատարած ցածր աշխատավարձերի հետ: «Այսօր պետական կառավարման համակարգում բարձր որակավորում ունեցող կադրեր ներգրավելու մեծ խնդիր ունենք: Մարդիկ կան, որ որոշակի որակավորում ունեն, հրավիրում ենք նախարար աշխատելու, ասում են` մեր աշխատավարձի հետ համեմատելի աշխատավարձ կտաք, կգանք: Դեպքեր կան, երբ մարդիկ 5 մլն դրամով աշխատանքի են ընդունվել, որոշակի ֆինանսական պարտավորություններ են ստանձնել, և չեն կարող ընդհուպ նախարար աշխատել, որովհետև չեն կարողանա կատարել իրենց ֆինանսական պարտավորությունները»,- ասել է Փաշինյանը:

Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ հայ հասարակությանը Դավոսից բոլորովին այլ բնույթի ու այլ թեմայի շուրջ մեկնաբանություններ ու մանրամասներ են հետաքրքրում, բայց եթե վարչապետը, այնուամենայնիվ, որոշել է անդրադառնալ պարգևատրումների թեմային, միգուցե արժեր, որ խոսվեր նաև պարգևատրելիս հավասարության ու արդարության սկզբունքներին հետևելու մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս