Իրանը հպարտությամբ է շրջանցում ԱՄՆ-ի պատժամիջոցները. Ռոուհանի
Իրանն ԱՄՆ-ի պատժամիջոցների շրջանցմամբ իր ածխաջրածինները վաճառելու տարբեր ուղիներ ունի եւ ակտիվորեն օգտվում է դրանցից: Այդ մասին հայտարարել է երկրի նախագահ Հասան Ռոուհանին:
«Ածխաջրածինների արտահանման հարցում, բարեբախտաբար, մենք ունենք նավթի վաճառքի տարբեր ուղիներ, որոնցից ակտիվորեն օգտվում ենք,- նախագահի խոսքը մեջբերել է Tasnim գործակալությունը:- Մենք հպարտությամբ ենք շրջանցում ԱՄՆ-ի պատժամիջոցները»:
Ռոուհանին ընդգծել է, թե «բոլոր երկրները գիտեն, որ նման խիստ ու անօրինական պատժամիջոցներն ուղղված են իրանական ժողովրդի, այլ ոչ թե ինչ-որ անձի, հիմնարկության կամ պետական կազմակերպության դեմ», հավելելով, որ ամերիկյան սահմանափակումները «ճնշում են գործադրում միայն Իրանի ժողովրդի վրա»:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մայիսին հայտարարել է, որ Վաշինգտոնը դուրս է գալիս Իրանի հետ միջուկային ծրագրի վերաբերալ համաձայնագրից:
Նա նաեւ հայտնել է այս երկրի դեմ բոլոր պատժամիջոցները վերականգնելու մասին, այդ թվում՝ երկրորդային, այսինքն՝ մյուս այն երկրների նկատմամբ, որոնք բիզնես են վարում Իրանի հետ: ԱՄՆ-ն օգոստոսի 7-ին վերստին գործարկել է Իրանի նկատմամբ պատժամիջոցների մի մասը: Վաշինգտոնը հայտարարել է իրանական նավթի արտահանումը զրոյի հասցնելու նպատակի մասին եւ դրա գնորդներին կոչ է արել հրաժարվել նման գնումներից:
Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի լրացուցիչ պատժամիջոցները, որոնք ներառել են նավթի արտահանումը, ուժի մեջ են մտել նոյեմբերի 5-ին: Ընդ որում՝ Վաշինգտոնը նավթային պատժամիջոցներից ժամանակավոր բացառություններ է տրամադրել Չինաստանին, Հնդկաստանին, Իտալիային, Հունաստանին, Ճապոնիային, Հարավային Կորեային, Թայվանին եւ Թուրքիային, հաղորդել է ՏԱՍՍ-ը: