Վարորդը և ուղևորները իջել են ավտոմեքենայից ու սկսել մահակներով հարվածել «Մերսեդես 180» մակնիշի ավտոմեքենայի ապակիներին. հինգ երիտասարդներ ձերբակալվել են
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի վարույթ է ընդունվել որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը:
2019թ. հունվարի 18-ին Ոստիկանության Արաբկիրի բաժնում տեղեկություն է ստացվել առ այն, որ 2019 թվականի հունվարի 17-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Ազատություն-Ն.Զարյան փողոցների խաչմերուկի մոտ իրար ճանապարհը չզիջելու և ձայնային ազդանշան տալու պատճառով ծագած վեճի ժամանակ «Օպել Աստրա Ջի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորները իջել են նշված ավտոմեքենայից ու սկսել մահակներով հարվածել «Մերսեդես 180» մակնիշի ավտոմեքենայի ապակիներին՝ պատճառելով նյութական վնաս:
Փաստի առթիվ 2019թ. հունվարի 19-ին ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով և ուղարկվել է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին: «Մերսեդես 180» մակնիշի ավտոմեքենայի վարորդը ճանաչվել է տուժող և հարցաքննվել դեպքի շուրջ:
Իրականացված քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է միջադեպին մասնակից երիտասարդների ինքնությունը, ովքեր հանդիսանում են Երևան քաղաքի բնակիչներ՝ ծնված 1995, 1996, 1994, 2000, 1996թթ.:
2019թ. հունվարի 21-ին նրանք ձերբակալվել են՝ խուլիգանություն կատարելու կասկածանքով:
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու, միջադեպի մասնակիցներից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու և քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:
Նշանակվել են դատաբժշկական և դատաապրանքագիտական փորձաքննություններ: