Թուրքիան չարաշահում է Ինտերպոլը՝ վարչակարգի հակառակորդներին արտահանձնելու համար
Թուրքիան և մի քանի այլ բռնակալ կառավարություններ գնալով ավելի են չարաշահում իրենց անդամակցությունը Ինտերպոլում՝ իրենց հակառակորդներին հետապնդելու և պատժելու համար։ Ինտերպոլը կամ Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպությունը, կազմված 194 երկրներից, զբաղվում է անդրազգային հանցագործությունների դեմ պայքարով։
Չնայած Ինտերպոլի կանոնադրությամբ արգելվում է անհատների հետապնդումը քաղաքական, կրոնական, ռազմական կամ ցեղային պատճառներով, մի քանի անդամ պետություններ շարունակում են չարաշահել Ինտերպոլի իշխանությունը իրենց հակառակորդներին հետապնդելու համար։
Ամենավերջին գործը Թուրքիայի կառավարության պահանջն է Ինտերպոլից՝ ձերբակալել և արտահանձնել NBA-ի թուրքական ծագում ունեցող բասկետբոլիստ Էնես Քանթերին՝ նրա անունը տեղադրելով Ինտերպոլի կարմիր ծանուցման ցուցակում։ Քանթերը հրաժարվել է իր թիմի՝ «Նյու Յորք Նիքս»-ի հետ թռչել Լոնդոն, NBA-ի խաղի համար։ Նա ասել է, որ ինքը Էրդողանի կառավարության կողմից անիրավորեն մեղադրվել է որպես «ահաբեկիչ» և վախենում է, որ թուրք գործակալները կարող են իրեն սպանել Լոնդոնում։
Աբդուլլահ Բոզքուրդը 2017 թ. մայիսի 9-ին «Թուրքական րոպե» կայքում գրել է, որ Քանթերը «հազիվ է փախել Ջակարտայում [Ինդոնեզիա] եղած ժամանակ, որտեղ նա կանգ էր առել բարի կամքի համաշխարհային շրջապտույի ընթացքում։ Ինդոնեզական բանակը և գաղտնի ծառայությունը ներխուժել էին դպրոց, որտեղ նախատեսված էր միջոցառումը՝ նրան Թուրքիայի պահանջով ձերբակալելու համար, սակայն նրան հաջողվեց հեռանալ Ինդոնեզիայից Ռումինիա։ ԱՄՆ վերադառնալու ճանապարհին, Բուխարեստում Հենրի Քոանդայի միջազգային օդանավակայանում նրան ձերբակալել են, քանի որ նրա անձնագիրը չեղյալ էր հայտարարվել Թուրքիայի կառավարության կողմից։ NBA աստղը հետագայում ազատ արձակվեց՝ նրա անունից Միացյալ Նահանգների պաշտոնյաների միջամտությունից հետո։ Նա մնում է Էրդողանի ուժեղ քննադատը իր իրավունքների ոտնահարման համար»։
«Վաշինգտոն փոստ» թերթի սյունակում Քանթերը գրել է. «Որևէ մեկը, որ խոսում է նրա [Էրդողան] դեմ, թիրախ է։ Ես միանշանակ թիրախ եմ: Էրդողանը ցանկանում է ինձ վերադարձնել Թուրքիա, որտեղ նա կարող է ինձ լռեցնել»։ Քանթերն ասել է «Նյուսուիք» ամսագրին, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «մեր դարի Հիտլերն է»: ESPN- ի համաձայն՝ Թուրքիայի կառավարությունն անցյալ տարվա նոյեմբերին Ինտերպոլից պահանջել է ավելի քան 80 մարդու ձերբակալել այլ երկրներում և արտահանձնել Թուրքիային…
Մի քանի այլ թուրք այլախոհներ դժվարությամբ են փախել թուրքական կառավարության՝ Ինտերպոլի միջոցով երկարատև հետապնդումներից։ Անցյալ տարվա հոկտեմբերին Թուրքիան պահանջել է, որ Ինտերպոլը ձերբակալի և արտահանձնի «Ջումհուրիեթ» թերթի նախկին խմբագիր Քան Դունդերին և «Ահվալ» լրատվական կայքի խմբագիր Իլհան Թանիրին։ «Ես ոչ մեկին չեմ սպանել, մենատիրական ընկերություն չեմ ղեկավարել, բանկ չեմ թալանել կամ որևէ այլ բան չեմ արել, որն արդարացնի միջազգային մարդաորսը», գրել է Թանիրը։ «Թուրքիայի կառավարությունը ինձ հետապնդում է իմ լրագրողական գործունեության համար»։
Լրագրող, հեղինակ, մարդու իրավունքների պաշտպան Ռագիփ Զարաքօղլուի անունը տեղադրված էր Ինտերպոլի կարմիր ծանուցման ցուցակում՝ նրան ձերբակալելու և Թուրքիային արտահանձնելու համար։ Նա այժմ գտնվում է Շվեդիայում՝ ապահով Էրդողանի ճանկերից։
Մեկ այլ թուրք լրագրողի բախտը չբերեց։ Համզա Յալչինին, որը փախել էր Շվեդիա, 2017 թվականին Ինտերպոլը Թուրքիայի պահանջով ձերբակալեց Իսպանիա կատարած նրա այցի ժամանակ։ Նա ազատ արձակվեց երկու ամիս անց, Շվեդիայի և Գերմանիայի կառավարությունների ճնշումներից հետո:
«Մենք ողջունում ենք Իսպանիայի կառավարության որոշումը, որը վկայում է միջազգային իրավունքի հարգման մասին», հայտարարեց «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը։ «Համզա Յալչինի ազատ արձակումը հստակ ուղերձ էր Թուրքիայի կառավարությանը, որ Ինտերպոլը չպետք է օգտագործվի արտերկիր փախած լրագրողների հետապնդման քաղաքական նպատակների համար»:
2016 թ. հուլիսին հեղաշրջման ձախողումից կարճ ժամանակ անց Թուրքիան 60 հազար կարմիր ծանուցման պահանջ ուղարկեց Ինտերպոլին։ Կարմիր ծանուցումները միայն ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող մարդկանց համար են, և Ինտերպոլի կանոնադրությունը կոչ է անում երկրներին՝ չօգտագործել համակարգը քաղաքական նպատակների համար և գործել մարդու իրավունքների միջազգային չափանիշների ոգով։ Թուրքիան, Չինաստանը, Ռուսաստանը և ԱՄԷ-ն կոպտորեն խախտում են այս կանոնակարգը, հայտարարել է Foreign Policy ամսագիրը։
2017 թ. ապրիլին ընդունված բանաձևում Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը կոչ է արել Ինտերպոլին «շարունակել բարելավել իր կարմիր ծանուցման ընթացակարգը՝ չարաշահումներն առավել արդյունավետ կերպով կանխարգելելու և վերացնելու համար»: «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գրասենյակի ղեկավար Ջոհան Բիրը հայտարարել է, որ «տասնյակ թուրք լրագրողներ ստիպված են եղել փախչել արտերկիր 2016 թ. հուլիսին Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման ձախողումից ի վեր։ Սակայն, ինչպես աշխարհի բոլոր տարագիր լրագրողները, նրանց ևս սպառնում է Ինտերպոլի քաղաքական չարաշահումը: Ինտերպոլի կողմից սկսված բարեփոխումներն այժմ պետք է ավարտին հասցնել հնարավորինս շուտ, որպեսզի այդ կառույցը կարողանա ավելի լավ պաշտպանել Թուրքիայի և այլ բռնակալ պետությունների անարդար պահանջներից»։
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի