«Հանրապետականների սպասելիքները կարդարացվեին, եթե ԱԺ նախագահի ընտրության ժամանակ հակադրություններ փնտրեինք»

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը  խորհրդարանում ի դեմս իրենց խմբակցության և «Լուսավոր Հայաստանի», տեսնում է հզոր ընդդիմություն: Նրա խոսքով՝ իշխանության խոստումների չիրագործման դեպքում պատրաստվում են կիրառել խորհրդարանի վերահսկողական բոլոր գործառույթները:

«Դեկտեմբերի 9-ից հունվարի 14-ը մամուլը լցված է ՀՀԿ-ի տարբեր գործիչների մեկնաբանություններով, թե խորհրդարանում այլևս չկան ընդդիմադիր ուժեր: Մենք վստահ ենք, որ խորհրդարանում ձևավորվել է հզոր ընդդիմություն: Եվ այդ ընդդիմությունն առաջիկայում հանրությանը կներկայացնի իր ուրույն դեմքը, իր աշխատելու մեթոդները: Մենք ակնդետ հետևելու ենք իշխանության աշխատանքներին:

Այն բոլոր ուղղություններում, որտեղ մեր դրույթները կհամընկնեն իշխանության դրույթներին և իշխանությունը կունենա կամք՝ իրագործելու ժողովրդին խոստացած քայլերը, մենք չենք կարող ընդդիմանալ: Բայց այն դեպքում, երբ խոստումները չեն կատարի, մենք օգտագործելու ենք օրենսդրականն հնարավորություններ և խորհրդարանի վերահսկողական  գործառույթները»,- ասաց Բագրատյանը:

Նա վստահություն հայտնեց, որ «Լուսավոր Հայաստանը» ևս պատշաճ ընդդիմության կարգավիճակում կլինի։ Ըստ նրա՝ ընդդիմությունը չպետք է լինի ինքնանպատակ:

«Հանրապետականների սպասելիքները կարդարացվեին, եթե ԱԺ նախագահի ընտրության ժամանակ հակադրություններ փնտրեինք: Բնականաբար մենք բոլորս հասկանում ենք, որ 88 պատգամավորի կողմից առաջադրված խորհրդարանի նախագահը լիարժեք անցնելու էր: Եվ նաև, եթե նա մեզ համար նաև ընդունելի կերպար էր, մեր կողմից ընդդիմանալուն սպասելը լուրջ չէր»,-նշեց նա:

Բագրատյանը նաև շեշտեց, որ խորհրդարանն արդեն ձևավորվել է, և իշխանությանն այլևս ոչինչ չի խանգարում իրագործելու խոստումները: Եվ, հետևաբար, իրենք պետք է իշխանությունը ներկայացնող տարբեր մարմիններից պահանջեն դրանք արագ իրագործել:

Տեսանյութեր

Լրահոս