Կատրին Դենյովը Իվ Սեն-Լորանի ավելի քան 300 զգեստ կվաճառի իր հավաքածուից
Ֆրանսիացի դերասանուհի Կատրին Դենյովը մոդելագործ Իվ Սեն-Լորանի մահից ավելի քան 10 տարի անց որոշել է աճուրդի հանել անձամբ կուտյուրիեի կողմից մակագրված հագուստների իր հավաքածուն, որոնց մի մասը նա ստեղծել է հատուկ Դենյովի համար: Դերասանուհին խոստովանել է, որ որոշել է իրերն աճուրդի դնել այն պատճառով, որ հնարավոր չէապահովել դրանց խնամքը:
«Դրանք ճիշտ պահպանելու համար շատ տեղ է պահանջվում: Ես վաճառել եմ իմ տունը Նորմանդիայում, որտեղ դրանք ձեղնահարկում պահում էի հատուկ ջերմաստիճանի պայմաններում: Ես դրանք այլեւս չեմ հագնում»,-պարզաբանել է Դենյովը:
Աճուրդները կսկսվեն հունվարի 24-ին՝ Փարիզում կազմակերպվող բարձր նորաձեւության շաբաթվա ընթացքում:
Christie՚s աճուրդների տան կայքում զետեղված նկարագրության համաձայն, հավաքածուն, որը ներառում է ավելի քան 330 զգեստ, մասամբ վաճառվելու է «Ֆրանսիայի մայրաքաղաքում անցկացվելիք «կենդանի» աճուրդներում, իսկ հագուստների մեծ մասը կիրացվի ինտերնետ-աճուրդում: Նախքան գնորդները դրանք կտեղավորեն իրենց հավաքածուներում, զգեստները, կանանց կոստյումները, վերարկուները եւ տարբեր աքսեսուարներ հունվարի 18-ից համընդհանուր դիտման կդրվեն Մատինիոն փողոցում գտնվող աճուրդների տանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: