Բաժիններ՝

Օպերային թատրոնի ղեկավարության արձագանքը՝ որոշ երգչուհիների առջև դռները փակելու մասին

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նախկին ու ներկա աշխատակիցները 168.am-ի հետ զրույցում դժգոհել էին գեղարվեստական ղեկավար, տնօրեն Կոնստանտին Օրբելյանից, նրա աշխատաոճից, իրենց հանդեպ վերաբերմունքից:

Օպերային երգչուհի, երգահան, երեք միջազգային մրցույթների դափնեկիր, սոպրանո Մայա Աֆրիկյանն ասել էր, որ չի հասցրել նորմալ շփվել Կոնստանտին Օրբելյանի հետ, քանի որ Օպերային թատրոնի դռներն իր առջև փակ են:

«Օպերային թատրոնում 7 տարի ստաժոր եմ եղել՝ քաջ գիտակցելով, որ երեք ամսից ավելի չպետք է լինեի, բայց այդքան ժամանակ լռել եմ, չեմ բողոքել: Իմ խաչը լուռ ու մունջ տարել եմ, իսկ վերջին 3 տարիներին աշխատել եմ պայմանագրով: 10 օր բացակայեցի ՀՀ-ից, գնացի միջազգային մրցույթի, վերադարձա, պետք է պայմանագրի երկարաձգման համար ստորագրեի, գնացի Օպերային թատրոն՝ միջազգային մրցանակը ձեռքիս, ինձ ասացին, թե պայմանագիր չեն ստորագրում, քանի որ այլևս պայմանագրային աշխատողներ չունեն: Երկու տարի է՝ սպասում եմ մրցույթների ու ատեստավորման, որոնք չեն եղել:

Այս ընթացքում ռուսերենով նամակ եմ գրել, խնդրել, որ վերանայի իմ աշխատանքային հարցի խնդիրը, առ այսօր պատասխան չեմ ստացել, համոզված էլ չեմ՝ նամակը նրան հասե՞լ է, թե՞ ոչ, որովհետև ինձ անգամ չթողեցին, որ շենք մտնեմ ու անձամբ այն հանձնեմ:

Կարդացեք նաև

Գրել էին, թե ձեր ձայնի տեսակի համար դեր չունենք: Ի՞նչ է նշանակում սա: Ես մարդկային ձայն ունեմ, դելֆին չեմ, ուլտրազվուկով էլ չեմ երգում, ոչ էլ փիղ եմ: Ունեմ հզոր սոպրանո ձայն: Սա պետական թատրոն է, ես էլ՝ երաժիշտ, ինչո՞ւ չպետք է կարողանամ այնտեղ մուտք գործել: Որպես երգչուհու՝ նա ինձ ծանոթ չէ, այդ դեպքում ո՞վ է որոշել իմ ավելորդ լինելը: Ինչո՞ւ ինձ չեն լսում, մրցույթ չեն անում»,- նշել էր Մայա Աֆրիկյանը:

Պարզվեց՝ դռները փակ են նաև օպերային երգչուհի, միջազգային մրցույթների դափնեկիր Անի Պիվազյանի առջև: Նրան նույնպես արգելել են Օպերային թատրոն մտնել:

«Անվտանգության հիմունքներից ելնելով՝ չեն թողնում մտնել շենք: Մշակույթի նախարարություն նամակ գրեցի, նախարարից խնդրեցի, որ մի բան անի՝ կարողանամ թատրոն մտնել, պարապել, քանի որ կարիերաս է տուժում»,- հայտնել էր Անի Պիվազյանը:

Օպերային երգչուհիները նաև նշել էին, որ մրցույթների մասին իրենց չեն տեղեկացնում:

168.am-ը գրավոր հարցում էր ուղղել Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ղեկավարությանը՝ փորձելով պարզել, թե  ի՞նչն է պատճառը, որ օպերային երգչուհիներ Անի Պիվազյանը, Մայա Աֆրիկյանը չեն կարողանում մուտք գործել Օպերային թատրոնի շենք, և ինչո՞ւ  անցկացվող մրցույթների մասին չեն տեղեկացնում նախապես:

Ի պատասխան՝ ստացել ենք հետևյալ գրությունը. ««Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության 500-ից ավելի աշխատակիցների, ինչպես նաև 1000-ից ավելի հանդիսատեսի անվտանգության և թատրոնի բնականոն գործունեության ապահովման նպատակով թատրոնի տնօրենի հրամանով սահմանված են մուտքի կանոններ, և որևէ անձ առանց անցագրի կամ անցաթղթի իրավունք չունի մուտք գործել թատրոնի վարչական տարածք: Եթե անձը ցանկանում է մուտք գործել թատրոնի տարածք, ապա նա պետք է դրա համար հիմնավորված դիմում ներկայացնի: Ցանկացած անձ, որպես հանդիսատես, կարող է սահմանված կարգով մտնել թատրոնի շենք՝ ներկայացումներ դիտելու կամ համապատասխան միջոցառումներին մասնակցելու համար:

Հարկ է նշել, որ Թատրոնում անցկացվելիք մրցույթների մասին համապատասխան տեղեկատվությունը տրվելու է զանգվածային լրատվության միջոցներով»:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս