«Ադրբեջանը մինչ օրս չի վերադարձրել երկու գլխատված հայ զինվորների գլուխները, որ հուղարկավորեն, նրանց հետ ինչպե՞ս սկսես խոսել խաղաղության մասին»

«Ընդդեմ իրավական կամայականությունների» հ/կ գործադիր տնօրեն  Լարիսա Ալավերդյանը համոզված է՝ ադրբեջանցիների հետ հնարավոր չէ խաղաղ բանակցել, քանի դեռ հասարակությունը չի փոխվել:

«Հասարակական որոշ նախաձեռնություններ կան, որոնք խոսում են ամեն ինչ մոռացության տալու և խաղաղ ինչ-որ գործընթացների անցնելու մասին: Խաղաղությունը միայն  աննորմալը չի ողջունում, բայց բոլորը գիտեն, թե քաղաքականության մեջ ի՞նչ է նշանակում՝ պայքարել խաղաղության համար: Մենք պետք է հստակեցնենք, թե արդյո՞ք դրանով հասարակական այդ խմբերը հրաժարվում են 2016 թվականին եղած դեպքերից:

Մինչ օրս չեն վերադարձրել երկու գլխատված հայ զինվորների գլուխները, որ հուղարկավորեն: Ես պատրաստ չեմ այսպիսի իրավիճակում խաղաղության մասին սկսել խոսել: Խաղաղությունը  նախ և առաջ՝ ենթադրում է նման մեթոդների մերժումը, ինչ-որ քայլեր անելը՝ ապացուցելու, որ իրենք էլ են իրենց երկրում դատապարտում կատարվածը:

Առնվազն մարդասպաններին պատժեն, ոչ թե հերոսացնեն: Սրանից հետո կհասկանանք, որ պատրաստ ենք նույն քաղաքակրթական մի հողի վրա իրար հանդիպել ու խոսել: Ո՞ր մի երկրում չկա մարդասպան, բոլոր տեղերում էլ կա: Հարց է, թե ինչպե՞ս են սրան վերաբերվում տվյալ պետությունն ու հասարակությունը: Ադրբեջանական հասարակությունը, որը ներում է նման գործողությունները, պատրաստ չէ խաղաղ բանակցությունների:

Կարդացեք նաև

Նրանք միայն խաբեության են պատրաստ: Խաղաղությունը օգտագործելու են՝ քողարկելու համար իրենց բարբարոսական ծրագրերը: Մենք այսօր ունենք Ադրբեջան, որտեղ  քաղաքականությունը ձևով հայատյաց է, իսկ էությամբ՝ ռասայական, նացիստական: Հիմա, եթե այս իրավիճակում ինչ-որ գործընթացներ ենք պատրաստ սկսել՝ ես կզարմանամ ու հստակ կասեմ, որ դա այն ճանապարհը չէ, որ բերում է դեպի տաճար»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Լարիսա Ալավերդյանը:

Անի Կարապետյան

Տեսանյութեր

Լրահոս