Կիլիան Մբապեն աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստն է, Մեսսին 7-րդն է, Ռոնալդուն՝ 19-րդը
Այս պատանին վաղուց գիտի, թե ինչ է հաջողությունը: Մարզական հետազոտությունների միջազգային կենտրոնը (CIES) սեփական ալգորիթմով հաշվել է եվրոպական 5 խոշորագույն լիգաների ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքը և կազմել է աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստների ցուցակը 2019թ. հունվարի 7-ի դրությամբ:
Վարկանիշը գլխավորել է ՊՍԺ-ի 20-ամյա խաղացող Կիլիան Մբապեն. նա գնահատվում է 218.5 մլն եվրո: Երկրորդ տեղում է «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը (200.3 մլն եվրո), իսկ երրորդ տեղը գրավել է Մբապեի թիմակից Նեյմարը (197.1): «Լիվերպուլի» հարձակվող Մո Սալահը գտնվում է հինգերորդ հորիզոնականում (184.3), Լիոնել Մեսսին՝ յոթերորդ (171.2): Իսկ որտե՞ղ է Կրիշտիանու Ռոնալդուն: «Յուվենթուսի» աստղը 19-րդ տեղում է. Կրիշին կարելի է գնել 127.2 մլն եվրոյով:
2018 թվականին Մբապեն դարձավ լավագույն ֆրանսիացի ֆուտբոլիստը, ԱԱ-2018-ի լավագույն երիտասարդ խաղացողը և ստացավ «Ոսկե գնդակ»՝ որպես մոլորակի լավագույն երիտասարդ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը