Շուրջ 200 մլն մարդ է մասնակցում Հնդկաստանում սկսված համազգային գործադուլին. NDTV
Հնդկաստանում շուրջ 200 մլն մարդ է մասնակցում համազգային գործադուլին, որը հունվարի 8-ին սկսվել է մի շարք համազգային արհմիությունների ու ձախ շարժումների կոչով: Այդ մասին հայտնել է NDTV հեռուստաալիքը՝ վկայակոչելով ակցիայի կազմակերպիչ արհմիությունների ղեկավարներին:
Բողոքի մասնակիցները կարգախոսներ են առաջադրել արդյունաբերության տարբեր ճյուղերում նվազագույն աշխատավարձի եւ թոշակների բարձրացման, սոցիալական պայմանների բարելավման, գործազուրկ երիտասարդության համար աշխատատեղեր բացելու եւ այլ պահանջներով: Գործադուլավորները կենտրոնական կառավարությանը մեղադրում են աշխատավորների շահերը պաշտպանելուց հրաժարվելու մեջ: Ակցիային միացել են նաեւ գյուղացիական եւ ֆերմերային մի քանի միավորումներ:
Երկրի մի շարք տարածաշրջաններում բողոքի ակցիաների մասնակիցները փակում են երկաթուղային եւ ավտոմոբիլային ճանապարհները: Արեւմտյան Բենգալիայի եւ Քերալայի նահանգներում ընդհարումներ են եղել ոստիկանության հետ: Ինչպես նշում են հնդկական ԶԼՄ-ները, գործադուլը կարող է ազդել քաղաքային, միջազգային եւ երկաթուղային տրանսպորտի, բանկային հատվածի, ապահովագրական ընկերությունների, հեռահաղորդակցությունների աշխատանքի վրա: Մի քանի շրջաններում փակվում են դպրոցները եւ ուսումնական այլ հաստատություններ: Քաղաքներում փակվել են բազմաթիվ խանութներ, կրպակներ ու գրասենյակներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: