«Յուքոմ»-ը հայտարարում է օպերատորներին անհավասար մրցակցային պայմաններ առաջարկելու մասին
«Յուքոմ» ընկերությունը հայտարարությամբ անդրադարձել է ռադիոհաճախականությունների օգտագործման համար տրամադրվող թույլտվության մրցույթին, որտեղ, ըստ ընկերության, հեռահաղորդակցության օպերատորներին առաջարկվել են անհավասար մրցակցային պայմաններ։
«Խոսքը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ մեր գնահատմամբ՝ կողմնակալ վերաբերմունքի դրսևորման մասին է, որի արդյունքում որոշումները հարմարեցվում են շարժական կապի շուկայի 60%-ից ավելիին տիրապետող կապի օպերատորին»,- նշված է «Յուքոմի» հայտարարության մեջ։
«Յուքոմ»-ը մանրամասնել է, որ ՀԾԿՀ-ն սույն թվականի դեկտեմբերի 12-ին 811-821ՄՀց և 852-862ՄՀց ռադիոհաճախականությունների օգտագործման համար տրամադրվող թույլտվության մրցույթ է հայտարարել և, ըստ «Յուքոմ»-ի, պարտավոր էր նույն պայմանները (մասնավորապես՝ մեկնարկային գին) սահմանել, որոնք սահմանել էր 2013թ.-ին նույնպիսի կապի որակ ընձեռող ռադիոհաճախականության (LTE +) օգտագործման թույլտվության մրցույթի ժամանակ, որին «Յուքոմ» ընկերությունը մասնակցել է և ձեռք է բերել այդ թույլտվությունը՝ դրա դիմաց վճարելով 6,225 մլրդ ՀՀ դրամ: Ընդ որում, այդ թույլտվությունը «Յուքոմ»-ին տրվել է բացառապես տվյալների փոխանցման ծառայություններ մատուցելու սահմանափակմամբ (առանց ձայնային ծառայությունների)։
«Չունենալով նշյալ ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվությունը՝ «ՄՏՍ Հայաստան»-ն այս տարվա ընթացքում, մեր ունեցած տեղեկություններով՝ համապատասխան ռադիոհաճախականություններով (LTE+) աշխատող ցանց է կառուցել (ձեռք է բերել համապատասխան սարքավորումներ և տեղադրել), ըստ երևույթին, վստահ լինելով մրցույթի՝ իրենց համար հաղթական արդյունքի վրա։
«Յուքոմ» ընկերությունն անընդունելի է համարում միևնույն ռեսուրսի օգտագործման թույլտվության համար մեկնարկային գինը մեկ օպերատորի համար սահմանել 6,225 մլրդ ՀՀ դրամ, իսկ մյուսի համար այն քառապատիկ անգամ իջեցնել՝ հասցնելով մինչև 1,5 մլրդ ՀՀ դրամ։ Այսօր, պետական բյուջեի միջոցների սղության պայմաններում, երբ յուրաքանչյուր լուման կարևոր է երկրի տնտեսության առողջացման համար, ՀԾԿՀ-ն մի քանի միլիարդ դրամով ցածր գին է սահմանել միևնույն ռեսուրսի օգտագործման թույլտվության համար։ «Յուքոմ» ընկերությունը գտնում է, որ այդպիսով «ՄՏՍ Հայաստանը» փորձում է շարժական կապի բարձր արագությունների (LTE+) շուկա մտնել անհավասար մրցակցային պայմաններով»,- նշված է հայտարարության մեջ։