Բաժիններ՝

ՊԲ հրամանատարի ղեկավարությամբ անցկացվել է հավաք-խորհրդակցություն

Դեկտեմբերի 26-ին ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկում ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանի ղեկավարությամբ անց է կացվել հանրապետության զորահավաքային պատրաստության հարցերին նվիրված հավաք-խորհրդակցություն, որին մասնակցում էին ՊԲ-ի, միավորումների եւ զորամասերի համապատասխան ոլորտների զինվորականներ, զինկոմիսարիատների, պետական ու տեղական կառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների, ռազմավարական նշանակություն ունեցող տնտեսվարող սուբյեկտների եւ ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ կարեւորելով նման ձեւաչափով հավաք-պարապմունքների անցկացումը՝ ԱՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը, մասնավորապես նշել է, որ տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական զարգացումներին պատշաճ կերպով դիմագրավելու եւ մեր ժողովրդի խաղաղ կենսագործունեությունը լիարժեք կերպով ապահովելու նպատակով անհրաժեշտ է, որպեսզի օրենքով սահմանված գործառույթները հստակորեն գիտակցի եւ ըստ անհրաժեշտության դրանք կիրառելու կարողություն ունենա զինված ուժերից բացի, նաեւ պետական կառավարման, տեղական ինքնակառավարման, հանրային ու տնտեսական հատվածի յուրաքանչյուր կառույց եւ պաշտոնյա:

Նշված ոլորտի հարցերին բանակի հրամանատարը առավել մանրամասն անդրադարձել է «Պետության նախապատրաստումը պաշտպանության» թեմայով դասախոսության շրջանակում` հանգամանորեն անդրադարձ կատարելով նշված խնդրի բոլոր բաղադրիչներին եւ դրանց իրականացման առանձնահատկություններին:

Հավաք-խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ պետության պաշտպանության իրավական հիմքերին, անձնակազմի եւ տեխնիկայի համալրման, զորահավաքային ռեսուրսների ուսումնասիրման, հաշվառման եւ կցագրման հարցերին:
Ներկաներին հնարավորություն է տրվել իրենց հուզող հարցերով դիմել բանակի հրամանատարությանն ու ստանալ սպառիչ պատասխաններ:
Հավաք-խորհրդակցության ավարտին իմի են բերվել արդյունքները եւ նախանշվել հետագա աշխատանքների այն հիմնական ուղղությունները, որոնք առաջնային կլինեն նոր`2019 թվականի ընթացքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս