Բաժիններ՝

Մեյը Brexit-ի շուրջ կառավարության չպլանավորված նիստ կանցկացնի հունվարի 2-ին. Financial Times

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը կրճատել է նախարարների կաբինետի անդամների Սուրբծննդյան արձակուրդը հունվարի 2-ին «կոշտ» Brexit-ի (ԵՄ-ի հետ առանց գործարքի) շուրջ արտահերթ նիստ անցկացնելու նպատակով: Այդ մասին այտնել է Financial Times թերթը:

Չպլանավորված հանդիպումը հրավիրվել է, որպեսզի գործողությունների ծրագիր մշակվի Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պայմանների վերաբերյալ համաձայնագրի նախագծի շուրջ հունվարի 9-ին բրիտանական խորհրդարանում վերսկսվող երկօրյա բանավեճերի նախաշեմին: Ընդ որում գործարքի շուրջ քվեարկության ամսաթիվը նշված չէ: Սկզբնապես քվեարկությունը պետք է կայանար դեկտեմբերի 11-ին, սակայն Մեյն այն տեղափոխեց հունվար այն բանի կապակցությամբ, որ Համայնքների պալատն ակնհայտորեն պատրաստ չէր պաշտպանել գործարքը:

Վարչապետի ընդդիմախոսների դժգոհությունը, որոնց թվում են իշխող Պահպանողական կուսակցության տասնյակ անդամներ, կապված Է նախեւառաջ Իռլանդիա կղզում սահմանի խնդրի կարգավորված չլինելու հետ: Մեծ Բրիտանիայի կառավարության մի շարք անդամներ, ԶԼՄ-ների տեղեկատվության համաձայն, անկենսունակ են համարում Brexit-ի պայմանների վերաբերյալ համաձայնագիրը, որն ավելի վաղ ձեռք է բերվել վարչապետի Մեյի եւ Եվրամիության ղեկավարների միջեւ: Ընդսմին բրիտանական կաբինետի անդամները չեն բացառում Եվրամիությունից երկրի դուրս գալու հարցի շուրջ նոր հանրաքվեի անցկացման տարբերակը:

Այս գաղափարը պաշտպանում է հինգ նախարար, այդ թվում՝ աշխատանքի եւ թոշակների գործերի նախարար Էմբեր Ռադը: Նա իրատեսական տարբերակ է համարել նոր հանրահարցման անցկացումը, եթե խորհրդարանը հունվարին մերժի Լոնդոնի եւ Բրյուսելի միջեւ ձեռք բերված համաձայնագիրը: Եվրամիությունից Միացյալ Թագավորության դուրս գալու հարցի շուրջ հանրաքվեն կայացել է 2016 թվականի հունիսի 23-ին: Դրա արդյունքում հաղթանակ են տարել եվրաինտեգրացման հակառակորդները, որոնց պաշտպանել է քվեարկության մասնակիցների 51,9 տոկոսը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս