«Սանիթեք»-ի տեխնիկան մայրաքաղաքում ձնամաքրման աշխատանքներ իրականացնելու համար բավարար չէ. Հայկ Մարության
«Սանիթեք» ընկերության տեխնիկան մայրաքաղաքում ձնամաքրման աշխատանքներ իրականացնելու համար բավարար չէ: Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին նշեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
Նրա խոսքով՝ ամեն ինչ արվում է մայրաքաղաքում աղբահանության և ձնամաքրման մասով իրավիճակը շտկելու համար:
«Մենք բազմիցս այցելել ենք «Սանիթեք» ընկերություն, իրենց տեխնիկան ենք ստուգել: Մենք բանակցել ենք տարբեր ճանշինների հետ, որպեսզի իրենք իրենց տեխնիկան, որը չի օգտագործվում ձմռանը, վարձակալությամբ տրամադրեն ընկերությանը: Ունենալով տեխնիկայի այս ամբողջ քանակը՝ մեծ հույս ունեմ, որ մենք կկարողանանք հաղթահարել ձմռան դժվարությունները»,-ասաց նա:
Հայկ Մարությանը հիշեցրեց, որ մայրաքաղաքում ձնամաքրման աշխատանքների համար պատասխանատու է միայն «Սանիթեք»-ը, բայց, քանի որ քաղաքը բոլորինս է, ներգրավելու են հնարավոր բոլոր ուժերը: «Մենք ամեն ինչ կանենք օգնելու համար ընկերությանը: Այս տարվա ձնամաքրման աշխատանքներում կարգ ու կանոն է մտցվելու և չեն լինելու ընտրովի ձնամաքրման աշխատանքներ»,- հավելեց նա: