Վրաստանի վարչապետը բացահայտել է երկրի գլխավոր թշնամուն
Աղքատության եւ գործազրկության դեմ պայքարը Վրաստանի կառավարության գլխավոր խնդիրն է: Այդ մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն՝ ամփոփելով 2018 թվականի արդյունքները:
Բախտաձեն առաջին անգամ է տարվա արդյունքներն ամփոփում վարչապետի կարգավիճակում: Վրաստանի ֆինանսների նախկին նախարարը կառավարությունը գլխավորել է 2018 թվականի հունիսին՝ այդ պաշտոնում փոխարինելով Գեորգի Կվիրիկաշվիլիին:
«Մենք իրական փոփոխություններ ենք սկսել 2012 թվականից, եւ իմ բոլոր նախորդները (նախկին վարչապետները- խմբ.) հնարավոր ամեն ինչ արել են առավելագույն արագ տեմպերով կրճատելու աղքատությունը՝ ամենաբարդ խնդիրը, որը ծառացած է մեր երկրի առջեւ: Մենք կարեւոր արդյունքներ ունենք այդ առումով: Մենք կարողացանք ու աղքատությունը կրճատեցինք մոտավորապես 10 տոկոսով»,-հայտարարել է Բախտաձեն: Սակայն դա, վարչապետի խոսքով, բավարար չէ: Աղքատությունը, տարածքային ամբողջականության խնդրի հետ մեկտեղ, Վրաստանի գլխավոր մարտահրավերներն են, ընդգծել է Բախտաձեն:
«Աղքատությունը Վրաստանի թշնամին է, մենք այն պետք է հաղթահարենք համատեղ ջանքերով: Կենսականորեն կարեւոր է, որ մենք առավելագույնս համախմբենք ջանքերը այդ մարտահրավերը հաղթահարելու համար»,-ասել է Բախտաձեն:
Վրաստանի առողջապահության նախարարության Սոցիալական սպասարկման գործակալության տվյալներով՝ Վրաստանի ավելի քան 434,5 հազար քաղաքացիներ սոցիալապես պաշտպանված չեն, ինչը կազմում է Վրաստանի ամբողջ բնակչույթան գրեթե 12 տոկոսը: Վրաստանում սոցիալապես չպաշտպանվածի կարգավիճակը տրվում է լրացված ընտանեկան հայտարարագրի հիման վրա՝ միավորների քանակի հաշվման արդյունքներով: Որքան քիչ միավորներ է նա ստանում, այնքան ավելի աղքատ է համարվում, հաղորդել է Sputnik-ը: