Անպտղությունն օրեցօր երիտասարդանում է
Խոսակցություններն այն մասին, թե Հայաստանում անպտղությունն անհամեմատ աճել է, հաստատում են նաև մասնագետները: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեցին մասնագետները: Գինեկոլոգ Արման Սահակյանը և հոգեբան Սիրանուշ Անդրեասյանը այսօրվա ասուլիսում խոսեցին բուն անպտղության պատճառների ու դրանց կանխարգելման եղանակների մասին: Ըստ գինեկոլոգ Արման Սահակյանի, այսօր բժշկի այցելող դեռ չամուսնացած զույգերի թիվն աճել է: Եթե նախկինում սկեսուրներն ու բարեկամներն էին զույգին ստիպում այս կամ այն խնդրի դեպքում դիմել բժշկի, ապա այսօր զույգերն իրենց կամքով են հաճախում ստուգման:
Հոգեբան Սիրանույշ Անդրեասյանն այս խնդրի վերաբերյալ ունի մեկ և ամփոփ պատասխան: Նրա կարծիքով` պատճառն օրեցօր հասակ առնող եվրոպամետությունն է: Ըստ նրա` ուրիշի վարքն ու բարքը որդեգրելով, մոռանում ենք, որ մեր ավանդույթներն ու սովորույթները տարբեր են: Ս. Անդրեասյանի համոզմամբ` հենց դրանից են սկիզբ առնում հոգեկան և ֆիզիոլոգիական խնդիրները: “Գոյություն ունի եվրոպամետություն, սակայն մեզանում չկա եվրոպացիների գիտելիքը”,- ասում է նա: Նրա դիտարկմամբ` ոչ ճիշտ տեղեկացված լինելը հանգեցնում է մի շարք վարակների, ինչն էլ իր հերթին նպաստում է հոգեկան անհանգիստ վիճակի ստեղծմանը: Ուստի մարմինն ու էությունը այս պարագայում ևս անքակտելի են:
168.am-ի հարցին` արդյո՞ք մինչ ամուսնությունը սեռական կյանքով ապրող երիտասարդների թիվը շատացել է, ու արդյո՞ք դա է պատճառը, որ այսօր երկրում անպտղությունն աճում է, մասնագետները միանշանակ պատասխանեցին, որ նախորդ տարիների համեմատ միանշանակ այդ երևույթի կտրուկ աճ կա: Հոգեբան Սիրանույշ Անդրեասյանն այս հարցին անդրադարձավ` ընդգծելով երիտասարդների` իրենց սեռական կյանքով ապրելու լուրը գաղտնի պահելու փաստը: “Դա երևույթ է, որը բերում է մի շարք խնդիրների: Խնդիրներն ի հայտ գալու դեպքում երիտասարդը չի կարողանում դիմել ծնողներին, հարազատներին` օգնության համար: Պրոբլեմը մնում է առկա և չլուծվող”,- ասում է բա: Բացի դա, գաղտնի սեռական կյանքով ապրող երիտասարդները, մեծամասամբ չեն ունենում բավարար գիտելիքներ, ինչ ևս, ըստ մասնագետների` լուրջ խնդիրների աղբյուր է:
Գինեկոլոգ Արման Սահակյանն անպտղության երևույթը ներկայացրեց մասնագիտական տեսանկյունից: Բժշկի խոսքով` գոյություն ունի առաջնային և երկրորդային անպրղություն, ինչը հավասար կերպով վերաբերում է թե տղամարդուն, թե կնոջը: Առաջնային անպտղություն կարող է հայտնաբերվել այն զույգերի մոտ, ովքեր 1 տարվա սեռական կանոնավոր հարաբերությունների ընթացքում երեխա չեն ունենում: Երկրորդական անպտղությունն առավել երկար ընթացք ունի: Այն կարող է ի հայտ գալ մեկ կամ մի քանի անգամ երեխա կորցրած զույգերի և այն ընտանիքների մոտ, ովքեր ունեն 1 երեխա, և ավելին չեն ունենում: Մեր այն հարցին, արդյոք առաջնային և երկրորդային անպտղությամբ տառապող զույգերը մեր երկրում շատ են, բժիշկը պատասխանեց Էրեբունի բժշկական կենտրոնի օրինակով: Ըստ բժշկի, իրենց այցելող ամեն 4-րդ կամ 5-րդ զույգը նման խնդիր ունի:
Ստացվում է` Հայաստանում խնդիրը լայն տարածում ունի: Իսկ մտահոգությունները, թե անպտղությամբ պատճառ կարող է հանդիսանալ նաև կնոջ հագուստը, մասնավորապես` կարճ գոտիով շալվարները` բժիշկը չբացառեց: Ըստ Ա.Սահակյանի, ցուրտ եղանակին բաց հագուստներ կրող երիտասարդները բացի անպտղությունից, շատ այլ խնդիրների ևս կարող են հանգել: Սակայն միանշանակ պնդել, թե անպտղության հիմնական պատճառներից մեկն էլ դա է` բժիշկը չհամաձայնեց:
ԱԻԴԱ ՂԱՐԻԲՅԱՆ