«Լուկաշենկոն հերթական փակ հանդիպումից հրապարակել է միայն այն, թե ինչ է ասել ինքը». ՀՀ վարչապետի խոսնակ
«Պարոն Լուկաշենկոյի՝ ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի ընթացքում տեղի ունեցած քննարկումների մեկնաբանության հետ կապված հարկ եմ համարում ընդգծել հետևյալը՝ ցավոք, պարոն Լուկանշենկոն շարունակում է փակ հանդիպումների բովանդակությունը հրապարակելու պրակտիկան: Ցավոք, պարոն Լուկաշենկոն հերթական փակ հանդիպումից հրապարակել է միայն այն, թե ինչ է ասել ինքը և չի հրապարակել այն, թե ինչ պատասխաններ է ստացել ՀՀ վարչապետից»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խոսնակ Արման Եղոյանը՝ մեկնաբանելով ռուս լրագրողների հետ հանդիպման ժամանակ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարություններին։
Ըստ նրա՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի նախագահի հետ քննարկումներում մշտապես, այդ թվում Ա.Լուկաշենկոյի հիշատակած հանդիպման ընթացքում մասնավորապես, բարձրացրել է Ռուսաստանի կողմից Ադրբեջանին վաճառվող զենքի խնդրահարույց հարցը։
«Հայաստանը տրամադրված է շարունակել քննարկումները ՀԱՊԿ շրջանակում՝ կազմակերպության անդամ երկրների փոխադարձ դաշնակցային պարտավորությունների լիարժեք կատարումն ապահովելու ուղղությամբ»,- ասաց Ա.Եղոյանը:
Հիշեցնենք, որ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր, թե պատասխանել է Նիկոլ Փաշինյանի՝ Ադրբեջանին զենք վաճառելու վերաբեյալ դժգոհությանը:
«Պուտինի ներկայությամբ, այնտեղ էր նաև Իլհամը, ես Նիկոլ Փաշինյանին ասացի՝ Նիկո′լ, արի վերջ տանք: Ո՞վ է Ադրբեջանի հետ զենքի վաճառքում առաջին տեղում՝ Ռուսաստանը, իսկ ինչո՞ւ ես բերանդ ջուր առել, բա բարձրաձայնիր այդ մասին, քննադատիր Վլադիմիր Վլադիմիրովիչին, վախենո՞ւմ ես»,- ասել էր Լուկաշենկոն: