Բաժիններ՝

Բուդապեշտում բողոքի բազմահազարանոց ակցիա է անցկացվել «ստրկական օրենքի» դեմ

Հերթական անգամ հազարավոր մարդիկ են լույս դեկտեմբերի 17-ի գիշերը Բուդապեշտի փողոցներ դուրս եկել ի նշան Վիկտոր Օրբանի կառավարության գործողությունների, մասնավորապես վերջերս հավանության արժանացած աշխատանքային օրենսդրության մի շարք դրույթների դեմ բողոքի: Այդ մասին հայտնել է Independent-ը:

Այդ ակցիան արդեն չորրորդն է դարձել վերջին շաբաթվա ընթացքում: Ցույցի ընթացքում բողոքողների եւ ոստիկանության աշխատակիցների միջեւ բախումներ են տեղի ունեցել, այդ թվում՝ Հունգարիայի խորհրդարանի շենքի մերձակայքում:

Ակցիայի մասնակիցները հրկիզիչ խառնուրդով շշեր են նետել իրավակարգի պահապանների վրա, ի պատասխան ոստիկանները արտասվաբեր գազ են կիրառել: Իրավապահ մարմինների տվյալներով՝ ընդհարումների հետեւանքով վերքեր են ստացել մի քանի ոստիկաններ: Բողոքի ակցիաների մասնակիցների շրջանում տուժածների վերաբերյալ տեղեկություններ չեն նշվում: Ակցիայի մասնակիցները դժգոհ են, մասնավորապես, վերջերս հավանության արժանացած օրենքից, որը թույլատրելի արտաժամյա աշխատանքի ավելացում է նախատեսում տարեկան մինչեւ 400 ժամ:

Բացի այդ, ակցիաներն անցկացվում են նաեւ ի նշան վարչական գործերի նոր դատարանների ստեղծման վերաբերյալ անցած շաբաթ ընդունված օրենքի դեմ բողոքի, որոնք գտնվելու են երկրի կառավարության հսկողության ներքո: Նոր ատյանների լիազորությունների մեջ մտնելու է ընտրական գործընթացի, բողոքների եւ կոռուպցիայի հետ կապված հարցերի քննարկումը: Այդ նախաձեռնության քննադատները գտնում են, որ կառավարությունը փորձելու է նշանակել երկրի ղեկավարությանը լոյալ դատավորների: Դիտորդները նշում են, որ Հունգարիայում տեղի ունեցող այս ցույցերը հիշեցնում են «դեղին բաճկոնավորների» շարժման՝ արդեն մեկ ամսից ավելի Ֆրանսիայում շարունակվող բողոքի ակցիաները, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս