Բաժիններ՝

Թերեզա Մեյը մնում է Մեծ Բրիտանիայի վարչապետ, բայց խոստանում է ավելի ուշ հեռանալ

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի ստորին պալատում Պահպանողական կուսակցության պատգամավորները ձայների մեծամասնությամբ վստահություն հայտնեցին Թերեզա Մեյին։

Հօգուտ այն բանի, որ Թերեզա Մեյը մնա կուսակցության առաջնորդ, քվեարկել է 200 պատգամավոր, դեմ՝ 117-ը: Քվեարկությունը եղել է գաղտնի:

Այսպիսով, Մեյը մնում է պահպանողականների կուսակցության առաջնորդը եւ պահպանում է վարչապետի պաշտոնը: Այժմ մեկ տարվա ընթացքում ոչ ոք չի կարողանա վերստին Մեյին՝ որպես կուսակցության առաջնորդի անվստահություն հայտնելու քվեարկություն նախաձեռնել: «Ես շնորհակալ եմ պաշտպանության համար, սակայն զգալի թվով գործընկերներ քվեարկեցին իմ դեմ, եւ ես լսում եմ նրանց»,- հայտարարել է Մեյը քվեարկությունից հետո՝ հավելելով, որ մտադիր է շարունակել աշխատանքը:

Իրենց առաջնորդի նկատմամբ վստահության հարցի շուրջը պահպանողականների քվեարկությունից քիչ առաջ Թերեզա Մեյն ասել է, որ վարչապետի պաշտոնից կհեռանա նախքան ընդհանուր ընտրությունները, որոնք նշանակված են 2022 թվականին: Քաղաքական գործիչները եւ դիտորդները տարբեր գնահատականեր են տվել ձայների ներկայիս բաշխմանը: BBC-ի քաղաքականության բաժնի խմբագիր Լորա Քունսբերգի կարծիքով՝ այդ արդյունքները, մինեւնույն է, վնաս են հասցնում Մեյի հեղինակությանը. խորհրդարանում նրա գործընկերների 37 տոկոսը կարծում է, որ նա պետք է հեռանա առաջնորդի պաշտոնից:

Խորհրդարանական Ջեյկոբ Ռիզ Մոգը, որը եղել է պատգամավորների քվեարկությունը նախաձեռնողների թվում, հայտարարել է, որ Մեյի ստացած քվեների քանակը սարսափելի արդյունք է, եւ նրան պաշտոնաթող լինելու կոչ է արել: Շոտլանդիայի գործերի նախարար Դեւիդ Մանդելը համոզիչ է համարել Մեյի հաղթանակը, իսկ Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Ստերջենը հայտարարել է, որ քվեարկության արդյունքը տսաստիկ հարված հասցրեց Մեյի հեղինակությանը:

Ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ջերեմի Քորբինը նշել է, որ Brexit-ի շուրջ պայմանավորվածույթան հետ կապված իրադրությունը չի փոխվել, իսկ Մեյին հարկ կլինի վերստին Համայնքների պալատի քվեարկությանը դնել իր ահավոր, ինչպես ինքն է արտահայտվել, պայմանագիրը Եվրամիության հետ:

«Թերեզա Մեյն արդեն չունի խորհրդարանի պատգամավորների մեծամասնության աջակցությունը, նրա կառավարության շարքերում քաոս Է տիրում, եւ նա ի վիճակի չէ այնպիսի համաձայնության հասնել Brexit-ի շուրջ, որը կհամապատասխաներ ամբողջ երկրի շահերին»,- ասել է Քորբինը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս