«Նոր խորհրդարանի պրոֆեսիոնալիզմի մասին կարելի է խոսել մեկ տարի անց». Թևան Պողոսյան
«Երևանի ավագանու և մի շարք մարզերում ՏԻՄ ընտրություններից հետո մենք հերթական անգամ ապացուցեցինք, որ կարելի է կազմակերպել և անցկացնել ընտրություններ, որի արդյունքները կասկածներ չեն հարուցում, չեն լինելու իրավական և լեգիտիմության խնդիրներ։ Այս խորհրդարանական ընտրությունները դրա հերթական ապացույցն էին, իսկ գնահատականը պետք է տա հանրությունը, քանի որ սա նրա ընտրությունն էր»,- այսօր լրագրողների հետ զրույցում նշեց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը՝ անդրադառնալով խորհրդարանական ընտրությունների արդյունքներին։
Նա հույս հայտնեց, որ հանրությունը, որն այս ընտրություններում արտահայտել է իր կամքը, պատրաստ կլինի տեր կանգնելու իր կամքի արժեքին։ Քանի որ, ըստ նրա՝ եթե վստահել են քաղաքական ուժին և գնացել են ընտրության, պետք է նաև պահանջատեր լինեն։
Ըստ նրա, խորհրդարանում հայտնված երեք քաղաքական ուժերը՝ «Իմ քայլը» դաշինքը, ԲՀԿ և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները, պետք է այսօրվանից լծվեն աշխատանքի, որպեսզի կյանքի կոչեն իրենց ծրագրերը և խոստումները։
«Քաղաքական գործիչներն այլևս չպետք է ասեն, որ վերցրել են մեծամասնությունը, ուրեմն՝ ինչ ուզեն՝ կարող են անել, պետք է կյանքի կոչեն իրեն ծրագրերը, իսկ դրան պահանջատեր են լինելու այն նույն մարդիկ, որոնք տվել են իրենց վստահության քվեն։ Ցանկանում եմ, որ մենք խոսենք ոչ միայն քաղաքական հեղափոխության, տնտեսական բարեփոխումների մասին, այլև մեր գիտակցության մեջ մեր կյանքի հանդեպ վերաբերմունքից, թե ինչպիսի քաղաքացի ենք ուզում դառնալ»,- շեշտեց Թևան Պողոսյանը։
Ինչ վերաբերում է այն կարծիքներին, որ նոր խորհրդարանն այդքան էլ պրոֆեսիոնալ չի լինելու, Թևան Պողոսյանն ասաց, թե հասկանալի է, որ այս խորհրդարանում լինելու են նոր դեմքեր, աշխատանքներն այդքան էլ հեշտ չեն լինելու, սակայն պրոֆեսոնալիզմի և ընդհանրապես պառլամենտարիզմի կայացման մասին անհրաժեշտ է խոսել միայն մեկ տարի անց։
«Խորհրդարանական դիվանագիտության մեջ հասկանալի է, երբ շատերը նոր են, գուցե միանգամից չունենանք նրբություններին տիրապետող, միջազգային վեհաժողովներում փորձառություն ունեցողներ, այստեղ գալիս է սովորելու խնդիրը»,- նշեց Թ. Պողոսյանը։
Հարցին, թե ինչպիսի՞ մոտեցումներ ունեն քաղաքական ուժերն Արցախի հիմնահարցի լուծման հետ կապված, Թևան Պողոսյանը պատասխանեց, որ քաղաքական ուժերի առաջին դեմքերի մասնակցությամբ նախընտրական բանավեճը բոլորը լսել են, և յուրաքանչյուրը կարող է իր համար վերլուծել, թե ինչ մոտեցումներ ունեն առնվազն այն երեք ուժերը, որոնք անցել են խորհրդարան։
«Ժամանակը քիչ էր ամբողջը ներկայացնելու համար, միակ տարբերվող մոտեցումը եղավ այդ ուժերից մեկի մոտեցումը, որը հայտարարեց, որ Արցախի հարցը լուծել են, մնում է միայն տեր կանգնեն։ Շատ կցանկանայի, որ Արցախի հարցին մենք շատ ավելի լուրջ մոտենայինք, և այն բոլոր ուժերը, որոնք մասնակցում էին ընտրություններին, մինչ այդ այցելեին Արցախ և այնտեղ քննարկեին իրենց մոտեցումները՝ հարցի լուծման հետ կապված։
Իսկապես բոլորս պետք է գիտակցենք, որ Արցախը որևէ մեկի գրպանում դրված չէ, հարցն ամբողջ ազգով ենք որոշելու»,- ընդգծեց Թևան Պողոսյանը։
Մանրամասները՝168.am-ի տեսանյութում
Զվարթ Խաչատրյան



