Բաժիններ՝

«Հացադուլը կդադարեցնեմ, երբ գրավոր համաձայնագիր ստորագրենք». Հովհաննես Գալստյան

Դեկտեմբերի 3-ից հացադուլ հայտարարած կինոռեժիսոր, «Տատիկիս վարսերը» հայ-բուլղար-գերմանական կինոնախագծի համառեժիսոր և համապրոդյուսեր, «Պարալլելս Ֆիլմպրոդաքշն» կինոընկերության և «ՍԻՆԵՄԱ» շարժապատկերային արվեստների արդյունաբերական և կրթական կենտրոնի հիմնադիր Հովհաննես Գալստյանը այսօր հանդիպելու է Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցին:

«Ինձ այցելել են թե՛ ՀՀ նախագահը, թե՝ Մշակույթի նախարարը և հորդորել են դադարեցնել հացադուլը: Մշակույթի նախարարը նայել է նաև փաստաթղթերը և հասկացել, որ հարցին պետք է լուծում տան, այլապես Հայաստանը կներքաշվի լրջագույն  խնդիրների մեջ: Նրան նաև ասել եմ, որ Արմեն Ամիրյանի հետ շփվելուց հետո այլևս նախարարների բանավոր խոսքին չեմ հավատում և հացադուլը կդադարեցնեմ, երբ գրավոր համաձայնագիր ստորագրենք»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց կինոռեժիսորը:

Հովհաննես Գալստյանը ներկայացրեց նաև փաստաթղթեր, համաձայն որոնց՝ Հայաստանի ազգային կինոկենտրոնը 2015 թվականին համաձայնել է աջակցել 88 միլիոն դրամով, սակայն հետո իրեն հրավիրել ու ասել են, թե նախարարը չի հանդուրժում երեք տարով պայմանագրեր կնքելը, քանի որ պետական բյուջեն հաստատվում է ամեն տարի, ուստի ամեն տարվա համար պետք է կնքեն, ու առաջարկել են 2016 թվականի համար 8 միլիոն դրամի պայմանագիր կնքել՝ պայմանով, որ ամեն տարի այն թարմացվելու է:

«Այս նամակի ու պայմանագրի հիման վրա կարողացանք գտնել աջակցություն Բուլղարիայում, Գերմանիայում և Հայաստանում: Բուլղարիայի մասնակցությունը ֆիլմում  կազմում է 140.000 եվրո, Գերմանիայի մասնակցությունը՝ 105.000 եվրո: Հայաստանի ազգային կինոկենտրոնի մասնակցությունը կազմում էր 150.000 եվրո: Եվ երբ այս սխեմայով հավաքեցինք ֆիլմի ֆինանսավորման գումարը, բյուջեն, որը 565.000 եվրո էր, ամբողջովին լցված էր: Բեռլինում համատեղ արտադրության պայմանագիր կնքվեց Գերմանիայի, Հայաստանի և Բուլղարիայի միջև: Սակայն 2018թ. Ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը երկարացրել է ֆիլմի ժամկետը, բայց չի կնքել նոր պայմանագիր՝ ասելով, որ՝ լավ ֆիլմ է, դրեք մրցույթի, մրցութային հանձնաժողովը կհաստատի, և 2018թ. համար կստանանք ֆինանսավորումը: Բայց այստեղ  ծուղակ կա. մրցութային հանձնաժողովով նոր կարգ են սահմանել և վերացրել են 2015թ.իրենց  պարտավորությունը, որովհետև գտել են, որ նախկինում խախտումներ ենք թույլ տվել: Սա չլսված բան է:  Ինձ 2016թ.փոխանցել են 8 միլիոն,2017թ.-ին՝ 15 միլիոն, իսկ 65 միլիոնը չեն փոխանցել: Մեկ է՝ դատարանում մենք շահելու ենք գործը»,- մանրամասնեց կինոռեժիսորը:

Կարդացեք նաև

Հովհաննես Գալստյանի փոխանցմամբ՝ Հայաստանի ազգային կինոկենտրոնի կողմից 2015 թվականի նոյեմբերի 13-ին  իրեն տրված փաստաթղթով գեղարվեստական խորհուրդը հաստատել է, որ «Տատիկիս վարսերը» ընդունվել է նրանց կողմից, ուստի կֆինանսավորեն ֆիլմի  ամբողջ բյուջեի 30 տոկոսը՝ 2016-2018թթ.ընթացքում:

«Եվրոպական համատեղ ֆիլմարտադրությունը հիմնվում է նման նամակների վրա, որովհետև սկզբից դուք ունենում եք այսպիսի հավաստագրեր, ոչ թե պայմանագրեր: Հավաստագրերը վստահության ֆոն են ստեղծում: Եվրոպայում կինոն համարվում է արվեստ և պետք է գտնվի պետական աջակցության ներքո, իսկ եթե ձեր երկիրը չի աջակցում, իրենք էլ են այդպես անում: Չեմ ցանկանա, որ դատական գործընթացներ սկսվեն, քանի որ առաջին հերթին այն մեր երկրին պետք չէ, երկրորդ՝ ֆիլմին, որովհետև ֆոնդերը չեն ֆինանսավորելու, սպասելու են, մինչև դատական գործընթացն ավարտվի: Հայկական կողմը մինչև վերջին լուման ստիպված է լինելու վերադարձնել գործընկերներին, սա պետք չէ մեր երկրի բյուջեին»,- նշեց կինոռեժիսորը:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31