«Արդարությունից ամենաբարձրագոչը խոսում էր «Իմ քայլը», բայց իր ցուցակներում չկարողացավ հաղթահարել փողի, ազգակցական կապի ազդեցությունը». Խառատյան
Հասարակական գործիչ Հրանուշ Խառատյանն այսօր հրավիրված ասուլիսին, անդրադառնալով խորհրդարանի արտահերթ ընտրություններին, ասաց, որ հիմա, երբ արդեն ընտրությունների արդյունքները պարզ են, պրագմատիկ խոսակցության ժամանակն է:
«Գուցե և սա ուշացած է, բայց, իմ կարծիքով՝ նույնիսկ «Իմ քայլը» դաշինքը, որ արդարության և սկզբունքայնության մասին ամենաբարձրագոչն իրենք էին խոսում, իրենք իրենց ցուցակները միշտ չէ, որ այնպես են կազմել, որ գալով խորհրդարան, մենք տարակույսներ չենք ունենա, թե այս խորհրդարանը կարող է մեզ անակնկալներ մատուցել այն գաղափարների շուրջ, որոնք բերվում են հեղափոխությամբ:
«Իմ քայլը» ցուցակները կազմելիս չկարողացավ հաղթահարվել ազգակցական կապը, չկարողացավ հաղթահարել քաղաքական նպատակահարմարությունը, տարբեր կապերի ազդեցությունը՝ փողային, հեղինակավոր ազդեցությունները և այլն»,- ասաց նա:
Նրա խոսքով՝ այդ ամենն առաջիկայում տարբեր ձևերով կդրսևորվեն՝ կա´մ կոճակ սեղմելով խորհրդարանում, կա´մ ընդհակառակը՝ խիստ սկզբունքային հարցերում ուղղակի քանակական մեծամասնություն ձևավորելով և դրանով ազդելով որոշումների վրա: