Բաժիններ՝

Թրամփը կարող է Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար նշանակել Նյու Ջերսիի նախկին նահանգապետին. CNN

Սպիտակ տան աշխատակազմի նոր ղեկավար կարող է դառնալ Նյու Ջերսիի նախկին նահանգապետ Քրիս Քրիստին: Այդ մասին հայտնել է CNN հեռուստաընկերությունը վկայակոչելով իրազեկ աղբյուրներ: Նրանց տվյալներով՝ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը լրջորեն դիտարկում է այդ պաշտոնի համար 56-ամյա Քրիստիի թեկնածությունը, որի հետ նա ընկերական հարաբերություններ ունի 2016 թվականից: Օրերս Թրամփը հայտարարել է, որ շուտով որոշում կընդունի Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի թեկնածության վերաբերյալ:

Նրա խոսքով՝ այն տեղեկատվությունը, թե թեկնածուն կլինի ԱՄՆ-ի փոխնախագահի աշխատակազմի ներկայիս ղեկավար Նիկ Այերսը, տարածել են «ստախոս զանգվածային լրատվամիջոցները»: Այն մասին, որ Ջոն Քելլին տարեվերջին կհեռանա իր պաշտոնից, Միացյալ Նահանգների ղեկավարը հայտարարել էր դեկտեմբերի 8-ին: Թրամփն ըստ որում ընդգծել է, որ նոր նշանակումը կարող է լինել ժամանակավոր:

Reuters գործակալության տեղեկատվության համաձայն՝ Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի հնարավոր այլ թեկնածուների թվում են ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը, առեւտրական բանակցություններում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերը, կոնգրեսական Մարկ Մեդոուզը (հանրապետական Հյուսիսային Կարոլինայի նահանգից), Թրամփի նախընտրական շտաբի նախկին խորհրդական Դեւիդ Բոսսին, Սպիտակ տան վարչական-բյուջետային վարչության տնօրեն Միք Մալվենին: Ընդսմին Մնուչինը եւ Մալվենին, ինչպես նշում է Reuters-ը, հասկանալ են տվել, որ հետաքրքրված չեն այդ պաշտոնով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս