Ինչպիսի՞ն կլինի հեղափոխական կառավարությունը. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Ազգային ժողովի արտահերթ ընտրություններն այլևս պատմություն են: Ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը փաստացի ամրագրվեց նաև դե յուրե՝ հեղափոխությունն այլևս ամբողջացրեց իշխանությունը: Մի քանի օր դեռևս ընկղմված կլինենք ձայների հաշվարկի, ռեյտինգային թեկնածուների ստացած քվեների, խորհրդարանում հայտնվող-չհայտնվողների մասին տեղեկատվությամբ:
Սակայն արդեն Ամանորից հետո, երբ նոր ԱԺ-ն կսկսի լիարժեք գործել, միաժամանակ կազմված կլինի նոր կառավարությունը, կունենանք հեղափոխության՝ իշխանության ամբողջացման վերջնական պատկերը: Ինչու ենք ասում իշխանության ամբողջացման, որովհետև միայն սրանով չի ավարտվում հեղափոխությունը, ավարտվում է միայն իշխանության ստանձնման պրոցեսը: Մեծ հաշվով հեղափոխությունը նոր է սկսվում՝ իր տնտեսական, մշակութային, ընդհանրապես համակարգային խորքային անելիքները հաշվի առնելով:
Հենց այս կոնտեքստում առավել կարևոր է ոչ թե այն հարցը, թե ովքեր կլինեն իշխող թիմի պատգամավորները ԱԺ-ում, ով կդառնա ԱԺ նախագահ, խմբակցության ղեկավար, ովքեր կգլխավորեն հանձնաժողովները, այլ թե ովքեր կլինեն նոր կառավարությունում: Հիմա, երբ իշխանության երկու հիմնական թևերում իշխող թիմը ունի լիակատար գործողությունների ազատություն, առանցքային է հասկանալ, թե կադրերի ինչ վերաբաշխում կարվի:
Հասկանալի է, որ հեղափոխական արդյունավետ փոփոխությունների հիմնական բեռը ընկած է լինելու հենց գործադիր իշխանության ու վարչապետ Փաշինյանի վրա: Այդպիսին է քաղաքական համակարգը՝ օբյեկտիվ պատճառներից ելնելով: Նախ խորհրդարանն ինքնին թե՛ պատմական իներցիայով, թե՛ պահի օրինաչափությունները հաշվի առնելով, այժմ չունի այնպիսի դերակատարություն, որպեսզի դառնա փոփոխությունների լոկոմոտիվ: Երկրորդ՝ հասարակության հիմնական սպասելիքները հենց Փաշինյանից ու նրա կառավարությունից են լինելու, հետո նոր խորհրդարանից:
Ռեյտինգային ընտրակարգն այս իմաստով ստեղծում է որոշակի արհեստական բարդություններ, արհեստական մրցակցություն թիմի ներսում: Պարզ է, որ մի դեպքում այդ ընտրակարգով շատ ձայներ հավաքած որևէ թեկնածու կարող է ավելի արդյունավետ լինել ԱԺ-ում, և ընդհակառակը՝ անարդյունավետ գործադիրում:
Հետևաբար, հույս ունենք, որ ռեյտինգային ընտրակարգով ձայների համամասնությունը չի դառնա ներիշխանական սակարկումների առարկա, ու կադրերի վերաբաշխումը ԱԺ-ի և կառավարության միջև կարվի ոչ թե ձայների համեմատությամբ, այլ ըստ կոմպետենտության:
Այս իմաստով, ընդհանրապես, կենսական է, որ կառավարությունը՝ որպես փոփոխությունների հիմնական առանցք, չդառնա սակարկումների թիրախ: Չի բացառվում, որ թե՛ իշխանության թիմում, թե՛ այդ թիմից դուրս կան բազմաթիվ մարդիկ, ովքեր, օրինակ, չեն մասնակցել ընտրությունների, կամ մասնակցել, բայց ստացել են քիչ ձայներ, սակայն ռեֆորմների իրականացման գործում ունեն փորձ կամ գիտելիքներ:
Ի վերջո, եթե, Աստված մի արասցե, հեղափոխական իշխանությունը ձախողի, ապա հասարակության հարցուպատասխանը լինելու է Նիկոլ Փաշինյանի, ոչ թե «Իմ քայլը» դաշինքի խմբակցության ու դրա ներկայացուցիչների հետ:
Փաշինյանը նախքան ընտրությունները մի քանի անգամ ակնարկել է պրոֆեսիոնալների կառավարության մասին: Ենթադրվում է, որ քաղաքական թիմի մի շարք ներկայացուցիչներ կգործուղվեն Ազգային ժողով, ու կառավարությունում շանս կլինի ներգրավել պրոֆեսիոնալ թիմ, կամ արդեն սեփական թիմից ապահովել առավել պրոֆեսիոնալների առաջխաղացումը:
Այնպես որ, ինչքան էլ ԱԺ ընտրությունների, թեկնածուների, պատգամավոր դարձող-չդարձողների շուրջ ինտրիգը լինի գրավիչ, չպետք է կորցնել իրական թիրախները և պետք է սևեռվել կառավարության կաբինետի աշխատանքի վրա»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: