Հայաստանի նախագահի ուղերձը ՍՏՀԿ-ին

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ուղերձ է հղել Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության 20-ամյակին նվիրված գագաթնաժողովին:Ուղերձում, մասնավորապես, գրված է.
«Սրտանց շնորհավորում եմ բոլորիս Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության 20-ամյա հոբելյանի առթիվ: Անցած տարիների ընթացքում կազմակերպությանը հաջողվեց դիմակայել ժամանակի փորձությանն ու հաղթահարել համաշխարհային եւ տարածաշրջանային բազմաթիվ մարտահրավերներ` կայանալով որպես տարածաշրջանային բազմակողմ տնտեսական համագործակցությունը խթանող հեղինակավոր կառույց: Կազմակերպության շրջանակներում նախանշվող եւ իրականացվող տնտեսական նախաձեռնություններն էապես նպաստում են տարածաշրջանի տնտեսական զարգացմանը` միեւնույն ժամանակ խթանելով տարածաշրջանում բնակվող ժողովուրդների խաղաղ եւ ներդաշնակ գոյակցությունը: Համոզված եմ, որ անհրաժեշտ են շարունակական համատեղ ջանքեր եւ քաղաքական կամք կազմակերպության առաքելությունն ամբողջացնելու նպատակով:
Այս շրջադարձային պահին մենք խոսում ենք ՍԾՏՀ համապարփակ եւ երկարատեւ նոր տնտեսական օրակարգի մասին, որն ուղղված է միջազգային ասպարեզում կազմակերպության դերի եւ հեղինակության բարձրացմանը, տարածաշրջանում տնտեսական համագործակցության, ինչպես նաեւ անդամ երկրներում սոցիալ-տնտեսական զարգացման հետագա խթանմանը:
Վերահաստատում եմ, որ Հայաստանը հավատարիմ եղել եւ մնում է կազմակերպության կանոնադրությամբ նախանշված սկզբունքներին եւ նպատակներին` մշտապես բարեխղճորեն կյանքի կոչելով կազմակերպության կողմից ընդունված որոշումներն ու անդամ երկրների կողմից ստորագրված համաձայնագրերն ու հուշագրերը: Համոզված եմ, որ տարածաշրջանում առկա բարդ խնդիրների պայմաններում բազմակողմ տնտեսական համագործակցության հետագա խթանումը ՍԾՏՀ շրջանակում անխուսափելիորեն կհանգեցնի անդամ երկրների միջեւ քաղաքական երկխոսության դյուրացմանը եւ տարածաշրջանային կայունության հաստատմանը:
Ժամանակակից տնտեսական հարաբերությունների գլխավոր նախադրյալներն են անարգել շփումները, ռեսուրսների ազատ տեղաշարժը եւ մրցակցության հավասար պայմանները: Շրջափակումներն ու փակ սահմանները ոչ միայն երկկողմ եւ բազմակողմ տնտեսական փոխգործակցության անբնական խոչընդոտներ են, այլեւ անընդունելի բաժանարար գծեր 20-րդ դարի քաղաքական քարտեզի վրա:Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունը ընդունել է այս բոլոր դրույթները, եւ բոլորս պարտավոր ենք հետեւել դրանց արդյունավետ կիրառմանը:
Կրկին շնորհավորելով կազմակերպության հոբելյանի կապակցությամբ` անդամ երկրներին կոչ եմ անում ջանքեր չխնայել տնտեսական համագործակցության զարգացման ուղղությամբ եւ լիովին օգտագործել ՍԾՏՀ ներուժը հանուն տարածաշրջանի հետագա բարգավաճման»:

Տեսանյութեր

Լրահոս