Գեղարքունիքի մարզում, ժամը 17:00-ի դրությամբ, քվեարկել է ընտրողների 42,39 տոկոսը
Գեղարքունիքի մարզի 155 ընտրատեղամասերում շարունակվում են ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունները, որոնք մեկնարկել են առավոտվա ժամը ութից: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզի թիվ 19, 20, 21 տարածքային ընտրական հանձնաժողովներից, ժամը 17:00-ի դրությամբ, մարզի 191 հազար 152 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 81 հազար 30 ընտրող, կամ ընտրողների ընդհանուր թվի 42,39 տոկոսը:
Թիվ 19 ընտրատարածքում գրանված 57 հազար 890 ընտրողից քվեարկությանը մասնակցել են 21 հազար 812-ը, թիվ 20 ընտրատարածքում գրանցված 52 հազար 378 ընտրողից՝ 25 հազար 128-ը, թիվ 21 ընտրատարածքում գրանցված 80 հազար 884 ընտրողից՝ 34 հազար 90-ը: Գավառ քաղաքում գրանցված 22 հազար 926 ընտրողից, նույն ժամի դրությամբ, քվեարկել են 7694-ը, Սեւան քաղաքում գրանցված 19 հազար 771 ընտրողից՝ 8440-ը, Մարտունի քաղաքում գրանցված 10 հազար 306 ընտրողից՝ 4637-ը, Վարդենիս քաղաքում գրանցված 10 հազար 725 ընտրողից՝ 4349-ը:
Մասնակցության ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է թիվ 20 ընտրատարածքի 52-րդ տեղամասում, որտեղ գրանցված 776 ընտրողից քվեարկել են 663-ը կամ ընդհանուր քվեարկողների 85,44 տոկոսը: Մասնակցության ամենացածր ցուցանիշ է գրանցվել թիվ 21 ընտրատարածքի 55-րդ տեղամասում, որտեղ գրանցված 268 ընտրողից քվեարկել է 84-ը կամ ընտրողների ընդհանուր թվի 31 տոկոսը:
Ընտրություններն ընթանում են առանց խախտումների կամ միջադեպերի: Ժամը 17:00-ի դրությամբ, ՏԸՀ-երում ընտրախախտումների վերաբերյալ ահազանգեր կամ բողոքներ չեն ստացվել:«Բոլորել եմ կյանքիս ութ տասնամյակը, բազմաթիվ ընտրությունների եմ մասնակցել, սակայն այսքան հանգիստ, անաղմուկ,ազատ ու թափանցիկ ընտրություն չեմ տեսել, ինչը շատ ողջունելի է: Ուզում եմ հուսալ, որ մեր կյանքում շատ վատ երեւույթներ կմնան անցյալում, իսկ մենք կգտնենք արդար ու լավ կյանքի ճանապարհը հենց այսպիսի ընտրությամբ»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Գավառ քաղաքի բնակիչ, թոշակառու Վոլոդյա Մուքոյանը:
Խոսրով Խլղաթյան