«Ես իմ մտահոգությունն էի հայտնել, բայց Միլանի հայտարարությամբ այն հաստատվեց». Դավիթ Շահնազարյան
ՀՀԿ համամասնական ցուցակի պատգավորի թեկնածու Դավիթ Շահնազարյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով օրերս արած իր հայտարարությանը՝ ուղղված ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, այն է՝ իշխանություն՝ Արցախի դիմաց, նկատեց, որ Նիկոլ Փաշինյանը փորձ է արել հրադադարի եռակողմ երկու փաստաթղթերը, որոնք ստորագրվել էին Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների միջև, փոխարինել Դուշանբեում «վերելակային» պայմանավորվածությամբ։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի վերջին Դուշանբեում ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպման շրջանակներում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարճատև զրույց էր ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որի ընթացքում պայմանավորվածություն էին ձեռք բերել սահմանագոտում նվազեցնել լարվածությունը։
«Ցավոք, սա արդեն տեղ է գտել եռանախագահողների՝ Միլանում՝ ՀՀ-ի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից հետո եղած հայտարարությունում, սրա մասին էլ էի ասել։ Ցավում եմ, որ Հայաստանի արտգործնախարարը հայտարարում է, որ ոգևորված է, որ Ադրբեջանի իր գործընկերոջ հետ հաջողվել է համաձայնության գալ եռանախագահողների այդ հայտարարության տեքստի շուրջ։
Այսինքն՝ նա ոգևորված է, որ արդեն եռանախագահողների փաստաթղթում միջազգային, այսպես ասած, կարգավիճակ է ստացել Դուշանբեի այդ «վերելակային» հանդիպումը, հասկանո՞ւմ եք՝ ինչ է կատարվում։ Հիմա արդեն սա է հիմք դառնում, ես իմ մտահոգությունն էի հայտնել, բայց Միլանի հայտարարությամբ այն հաստատվեց, և ՀՀ արտգործնախարարն էլ ասաց, որ դրանով ոգևորված է»,- ասաց Դավիթ Շահնազարյանը։
Նրա խոսքով՝ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի մասին բարձր կարծիք է ունեցել, սակայն այսօր մտահոգված է, որ Հայաստանն ունի այդպիսի արտաքին գործերի նախարար, որը չի կարող բացարձակապես դիմադրել Նիկոլ Փաշինյանի քաղաքականությանը։
Նա նաև նշեց, որ այսօր էլ շարունակում է պնդել իր նախկին հայտարարությունը, որ յուրաքանչյուր ձայն, որը կգնա «Իմ քայլը» դաշինքին, «ուղիղ կրակոց է Արցախին»։
«Այսօր ընտրություն է Հայաստանի քաղաքացու և էյֆորիայի միջև, պատասխանատվության և ահավոր ծրագրեր ունեցող մեկ անձի միջև։ Մարդկանց մի փոքր մաս կա, որը մոռացել է, որ ինքը ՀՀ քաղաքացի է և գտնվում է այդ էյֆորիայի տակ։ Այն փաստարկը, որ ՀՀԿ-ն վատն է, ուրեմն իրենք լավն են՝ բացարձակապես ոչինչ չի նշանակում»,- շեշտեց Դավիթ Շահնազարյանը։
Հիշեցնենք, որ Դավիթ Շահնազարյանն այսօր ընտրություններին մասնակցեց դստեր՝ Լիլիթ Շահնազարյանի հետ՝ 9/50 ընտրատեղամասում։
Զվարթ Խաչատրյան