Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Կարին Կնայսլի հետ

Դեկտեմբերի 6-ին աշխատանքային այցով Միլանում գտնվող արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց ավստրիացի իր գործընկերոջ՝ Կարին Կնայսլի հետ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳՆ տեղեկատվության եւ հանրային դիվանագիտության վարչությունից, զրուցակիցները քննարկեցին երկկողմ հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր, ինչպես նաև մտքեր փոխանակեցին ԵԱՀԿ Նախարարական 25-րդ խորհրդի օրակարգի, Կազմակերպության գործունեության և դրա շրջանակներում համագործակցության շուրջ:

Հայաստանի և Ավստրիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները վերահաստատեցին երկկողմ պատրաստակամությունը ձեռնարկելու գործնական քայլեր փոխշահավետ համագործակցության ընդլայնման ուղղությամբ՝ այդ առումով կարևորելով բարձրաստիճան շփումների և փոխայցելությունների կազմակերպումը: Զոհրաբ Մնացականյանը հայտնեց, որ հայկական կողմը բարձր է գնահատում ավստրիական կառավարության շարունակական աջակցությունը Հայաստանի զարգացման օրակարգին:

Զրուցակցի խնդրանքով՝ նախարարի պաշտոնակատար Մնացականյանն անդրադարձավ Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումներին և ժողովրդի կողմից լայն մանդատով օժտված Հայաստանի կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների գործընթացին՝ ընդգծելով, որ վստահելի և արդար ընտրությունների անցկացումը Հայաստանի կառավարության առաջնահերթություններից է։

Անդրադառնալով ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման օրակարգի առաջմղման գործում Հայաստանի շարունակական նախաձեռնություններին՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրեց այդ շրջանակներում դեկտեմբերի 9-ին Երևանում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երրորդ գլոբալ ֆորումը:

Հանդիպման օրակարգում էին նաև Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերություններին, Արևելյան գործընկերության շրջանակներում ծավալված համագործակցության ամրապնդմանն առնչվող հարցեր։

Տեսանյութեր

Լրահոս