«Դիտավորյալ չեն գալիս». Արամ Հարությունյանը չի՞ զրկվի անձեռնմխելիությունից
«Դիտավորյալ չեն գալիս, որովհետև ես չեմ կարծում, որ եթե 14 մլն դոլարը ապացուցվի, միայն իր մոտ է մնացել։ Ես վստահ եմ, որ այդ 14 մլն դոլարը տարբեր տեղ է տանելու»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը՝ մեկնաբանելով Արամ Հարությունյանին անձեռնմխելիությունից զրկելու հացով հրավիրված Աժ արտահերթ նիստում քվորումի բացակայությունը։
Ըստ նրա՝ գումարն ահռելի է, բայց պետք չէ մոռանալ անմեղության կանխավարկածի մասին։
«Ելքի» պատգամավոր Էդմոն Մարուքյանի կարծիքով՝ քվորում այդպես էլ չի ապահովվի, իսկ մինչև 7-րդ գումարման խորհրդարանի երդման օրը բոլոր ներկայիս պատգամավորներն անձեռնմխելի, իսկ երդման պահից սկսած Հարությունյանի հանդեպ կարելի կլինի գործողություններ իրականացնել. «Կարծում եմ՝ որևէ խնդիր չկա, կարելի է սպասել»։
Է.Մարուքյանը նշեց, նման դեպքերը հնարավոր է՝ բազմաթիվ են, և սա միայն շղթայի մաս է։
Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազը միջնորդություն է ներկայացրել Ազգային ժողով՝ ՀՀԿ-ական պատգամավոր Արամ Հարությունյանին անձեռնմխելիությունից զրկելու մասին։ 2015-ի սեպտեմբերի 11-ին պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ ԱԺ պատգամավոր Արամ Հարությունյանը 2008-ին զբաղեցնելով բնապահպանության նախարարի պաշտոնը, միաժամանակ որպես «Ընդերքի օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության հատուկ լիցենզիաներ» տրամադրող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ, Սյունիքի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի մարզերի գունավոր մետաղների թվով 10 հանքերևակումների ուսումնասիրության և շահագործման հատուկ լիցենզիաներ տրամադրելու համար, Ս. Հ.-ից պահանջել և միջնորդավորված եղանակով ստացել է 14 միլիոն ԱՄՆ դոլար առանձնապես խոշոր չափերով կաշառք: