Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ճապոնիայի նորանշանակ դեսպանն անդրադարձել են ներհայաստանյան քաղաքական զարգացումներին
Հոկտեմբերի 31-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադային:
Այս մասին հայտնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից: Հանդիպմանը Նորին Սրբությունն իր բարեմաղթանքներն է բերել դեսպանին և հաջողություններ մաղթել նրան իր առաքելության մեջ` կարևորելով երկու պետությունների միջև հաստատված սերտ համագործակցությունը:
Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ արձանագրել է Մայր Աթոռի և Ճապոնիայի դեսպանության միջև ձևավորված սերտ հարաբերությունները` գնահատանքով անդրադառնալով Մայր Աթոռի եկեղեցական կառույցների կողմից իրականացվող բարեսիրական և մարդասիրական տարբեր ծրագրերին դեսպանատան մասնակցությանը:
Իր հերթին նորանշանակ դեսպանը հավաստիացրել է Վեհափառ Հայրապետին, որ կանի առավելագույնը երկու ժողովուրդների կապերն առավել սերտացնելու և ամրապնդելու գործում: Դեսպան Յամադան նաև կիսվել է Նորին Սրբության հետ Հայաստանի պատմամշակութային վայրեր կատարած իր այցելությունների տպավորություններով:
Զրույցի ընթացքում խոսվել է Ճապոնիայում ձևավորված փոքրաթիվ հայ համայնքի, ինչպես նաև Արևելքում պատմական հայկական ներկայության մասին: Անդրադարձ է կատարվել նաև ներհայաստանյան քաղաքական զարգացումներին և երկրի առջև ծառացած զանազան մարտահրավերներին: