«Երեխաները, որ լուրերով լսեցին էս մասին, չեն ասելո՞ւ՝ էս ի՞նչ ա, էս ինչի՞ դեմ են մարդիկ հետևողական պայքարում, մերժում են, քննադատում են»

ՀՀ կառավարությունն այսօր նիստում բացասական եզրակացություն տվեց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանի, Էդուարդ Շարմազանովի, Ջեմմա Բաղդասարյանի, Կարինե Աճեմյանի և Միհրան Հակոբյանի օրենսդրական նախաձեռնությանը: Նրանք առաջարկում են փոփոխություններ իրականացնել «Երեխայի իրավունքների մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթում:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Արսեն Մանուկյանը ներկայացրեց, որ փաթեթով առաջարկվում է որոշակի իրավական գործիքներով սահմանափակել այնպիսի գաղափարների և հայացքների քարոզչությունը, տեղեկատվության նպատակային տարածումը, որը վերաբերում է ոչ ավանդական սեռական հարաբերություններին, այն է՝ ազգակցական կապի մեջ չգտնվող չափահաս տղամարդու և կնոջ սեռական հարաբերություններից բացի, այլ սեռական հարաբերություններին, և որպիսի գաղափարներն ու տեղեկատվությունը կարող են հասանելի դառնալ երեխաներին, այսինքն՝ մինչև 18 տարեկան անձանց: Սակայն, ըստ փոխնախարարի, այդպիսի օրենք գոյություն ունի:

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ հարցն այն է, թե այդ օրենքը կիրառվո՞ւմ է, թե՞ ոչ: Ըստ նրա՝ համացանցում ազատություն կա, իսկ քարոզչություն ասելով՝ ի նկատի է առնվում, երբ ինչ-որ մեկը երեխայի ականջին կամ հրամայական ինչ-որ բան է ասում, կամ տեղադրում է ինտերնետում: Նրա խոսքով՝ խնդիրն ամբողջ աշխարհում է:

«Այսօր կարելի է մտել ինտերնետ և ստանալ մանրամասն խորհրդատվություն, թե ինչպես կարելի է բանկ թալանել,- ասաց Ն.Փաշինյանը և նկատեց,- Պարոն Ջավադյանը միանգամից մտահոգվեց»:

Նա նշեց, որ, եթե անգամ ամենախիստ բառապաշարով օրենք ընդունվի, խնդիրը շարունակելու է մնալ, մինչև կոնկրետ լուծում չգտնվի:

Փաշինյանը նշեց, որ վերջերս շատ է մտածում մի հարցի շուրջ, օրինակ, սեռական փոքրամասնությունների դեմ քարոզչությունն ինչ-որ իքս պահից դառում է սեռական փոքրամասնությունների քարոզչություն: Նա հարցադրում արեց. «Երեխաները, որ լուրերով լսեցին էս մասին, չեն ասելո՞ւ՝ էս ի՞նչ ա, էս ինչի՞ դեմ են մարդիկ հետևողական պայքարում, մերժում են, քննադատում են»:

Ա.Մանուկյանը համաձայնեց, որ ակամա հետաքրքրություն է ստեղծվում երեխաների մոտ:

«Էնպես որ, եթե ուզում ենք քարոզչություն չանենք, էս հարցերը պետք է քննարկենք խիստ գաղտնիության մթնոլորտում»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ նաև նախագծի հեղինակները պետք է գաղտնի մշակեն, քննարկեն, ԱԺ-ում օրենքի ընդունումն էլ պետք է գաղտնի լինի:

Տեսանյութեր

Լրահոս