«Ձեր բարձրացրած հարցը լուրջ ուսումնասիրության առարկա պետք է դառնա». Արա Բաբլոյանը՝ Ալեն Սիմոնյանին
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանն այսօր խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանից հետաքրքրվեց ՔԿՀ-ներում հեպատիտ C-ի տարածվածության մասին։ Նախարարի պաշտոնակատարն ասաց, որ դա հեպատիտ C-ն չի տարածվում օդակաթիլային ճանապարհով, այլ՝ արյան միջոցով. «Ես կուսումնասիրեմ, թե դա ինչ տարածվածություն ունի ՔԿՀ-ներում, բայց դա խնդիր է, և առողջապահության նախարարի հետ համատեղ պետք է փորձենք այդ խնդիրը լուծել»։
Ալեն Սիմոնյանը նշեց, որ թեև հեպատիտ C-ն չի տարածվում օդակաթիլային ճանապարհով, բայց ըստ նրա՝ այսօր ՔԿՀ-ներում մեծ թվով հիվանդներ կան։ Պատգամավորը նաև տեղեկություններ ունի, որ ՔԿՀ-ներում խաղամոլությունը լուրջ խնդիրներ է ստեղծել. «Մարդիկ զանգում են իրենց հարազատներին և գումար ուզում, որովհետև խաղում են և պարտվում»։
Արտակ Զեյնալյանն ասաց, որ խաղալու ավանդույթը ՔԿՀ-ներում վերացված է. «Եթե խցերում մոլեխաղեր են խաղում, ամբողջությամբ վերացնել հնարավոր չէ։ Ամեն ինչ վերացնելու պարագայում էլ ուղղակի կարող են խաղադրույք կատարել սպորտային խաղերի վրա, անգամ եղել է դեպք, երբ նստած տեղից խաղադրույք են կատարել նրա վրա, թե ճանճը որ ուղղությամբ կթռչի։ Այսինքն՝ եթե մարդը ցանկանում է խաղադրույք կատարել, ամեն ինչի վրա կարող է դա անել։ Իհարկե, զբաղվածության խնդիրը փորձում ենք լուծել»։
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նշեց, որ բարձրացված հարցը շատ լուրջ բնույթ ունի. «Հեպատիտ C-ի տարածումը նման վայրերում լուրջ ուսումնասիրության առարկա պետք է դառնա, որովհետև տարածման ճանապարհն այլ է»։