«Սրանո՞վ եք ուզում մորթել արդար, թափանցիկ ընտրությունների իրականացման հնարավորությունը». Տիգրան Ուրիխանյան
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պագամավոր Նաիրա Զոհրաբյանն այսօր խորհրդարանում հորդորեց կողմ քվեարկել նոր ԸՕ-ին։
«Բոլորս էլ պետք է հասկանանք, որ երկրում ստեղծված է ոչ ստանդարտ քաղաքական իրավիճակ, երկրում դեկտեմբերին տեղի են ունենալու արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Հիմա մենք պետք է լինենք կամ խոհեմ, կամ՝ ոչ, այլ ընտրություն չկա։ Հիմա մենք կամ գնում ենք նոր ԸՕ-ով, որն էականորեն բարելավում է ընթացակարգերը, կամ դուք գնում եք սաբոտաժի ճանապարհով և ընտրություններին գնում ենք հին ԸՕ-ով»,- ասաց Զոհրաբյանը։
Զոհրաբյանը հորդորեց գործընկերներին՝ գնալ քաղաքական կոնսենսուսի ճանապարհով։
«Մենք ԸՕ-ն հանգամանորեն ամռանը քննարկել ենք ու դրանից հետո էական փոփոխություններ չեն եղել, մի քանի կարևոր կետեր են փոփոխվել, որոնք բարելավում են ընտրական գործընթացը։ Կոչս բարեկամական է բոլոր քաղաքական ուժերին՝ գնալ քաղաքական կոնսենսուսի ճանապարհով, թույլ տալ, որ ԸՕ-ն ընդունվի, որ առաջիկա ընտրությունները տեղի չունենան այն օրենսգրքով, որն ապաքաղաքականացրեց 2017թ, ընտրությունները»,- ասաց նա։
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանն էլ նշեց, որ նոր ԸՕ-ն պետք է ավելի լավ մշակվի.
«Այն, ինչ բերվել է ԱԺ, էականորեն տարբերվում է այն տարբերակից, որը 4 խմբակցությունները ներկայացրել են՝ որպես կոնսենսուսային տարբերակ։ Անհնար է մեկ շաբաթվա մեջ նախապատրաստվել ընտրություններին։ Եկեք՝ առանց շտապողականության, որոշ ժամանակ անցակացնենք այս քննարկումները, կուսակցություններին առնվազն 2 ամիս ժամանակ տանք, որ կարողանան նախապատրաստվել արտահերթ ընտրություններին։ Ոչ ոք չի ասում, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները չպետք է անցկացնել, բայց դրանք պետք է անցկացնել ժողովրդավարական ճանապարհով»։
Պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն էլ նշեց, որ ընտրությունները եթե մեկ շաբաթից էլ տեղի ունենան, հասարակությունը վերցնելու է մարդկանց կամ քաղաքական ուժերի կենսագրությունը և քվեարկելու է կամ չի քվեարկելու նրանց օգտին.
«Պետք է, որ գործող իշխանությունն ունենա այնպիսի հսկողություն ընտրական պրոցեսի հանդեպ, որ կեղծարարություններ տեղի չունենան։
Վստահ եմ, որ գործադիր իշխանությունը կարող է դա անել։ Ի՞նչն է խանգարում՝ հենց վաղը կազմակերպել ընտրություններ։ Ովքեր ժողովրդին են ծառայել, կարժանանան քվեի, ովքեր ոչ, չեն արժանանա։ Ուզում եք խայտառակ ռեյտինգային համակարգը պահպանե՞լ, սրանո՞վ եք ուզում մորթել արդար, թափանցիկ ընտրությունների իրականացման հնարավորությունը»։