Ով է դժգոհ Փաշինյան-Ծառուկյան հուշագրից

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն օրեր առաջ համոզմունք էր հայտնել, որ հապշտապ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու կարիքը չկա, և դրա սոցիալական պահանջը հասունացած չէ: Սակայն Փաշինյան-Ծառուկյան հուշագրի ստորագրումը Գ.Պետրոսյանի մոտ դժգոհություն չի հարուցել։

«Դե, մենք մտածում էինք՝ եթե դեկտեմբերին ընտրություններն անցկացվեն, ապա կառավարության ծրագրերի որոշակի դրույթների հետ անհամապատասխանություն է արձանագրվում։ Բայց պարոն Ծառուկյանը նշեց, որ դա ժողովրդի կամքն է, և սա արվում է հանուն ժողովրդի, թող ժողովրդի կամքով լինի՝ ընտրությունները դեկտեմբեր ամսին»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Գ.Պետրոսյանը։

Ըստ նրա՝ դաշինքի անդամների շարքերում ևս դժգոհություններ չկան.

«Կարող է մեկը կարծել, որ ավելի նպատակահարմար էր ընտրություններն անցկացնել ավելի ուշ, մեկը՝ ավելի շուտ, բայց մեծ հաշվով դժգոհություն չկար, որովհետև կուսակցության ղեկավարի կողքին ենք, և իր ընդունած որոշումը համարում ենք ճիշտ, որովհետև դա մեր ժողովրդի ցանկությունն ու պահանջն է»։

Պատգամավորի խոսքով՝ թիմը լքողներ այս պահին չկան։ Նա նշեց, որ, եթե որևէ մեկը պետք է այդ պատճառով լքի թիմը, պետք է նրան բարի ճանպարհ մաղթել։ Սակայն, Գ.Պետրոսյանը չի կարծում, որ սա այն առիթը կարող է լինել, որ ինչ-որ մեկը թիմը լքելու մտադրություն ունենա, կարող են լինել տարբեր կարծիքներ, քննարկումներ, բայց եթե նման առիթներով պետք է թիմը լքեն, ուրեմն իրենք երբեք թիմի հետ չեն եղել։

Հարցին, թե այս պահին ո՞ր քաղաքական ուժն է կանգնած պատմության աղբանոցում հայտնվելու վտանգի առջև, Գ.Պետրոսյանը պատասխանեց.

«Ես այդպիսի գնահատական չեմ հնչեցնի։ Ընդհանրապես, աղբանոցում հայտնվելու վտանգի առաջ, կյանքը ցույց է տալիս, որ կանգնում են նրանք, որոնք աղբանոցից էլ վեր են հառնել։ Արդեն ինքներդ դատեք, թե որ ուժի մասին է։ Բայց ես որևէ կոնկրետ ուժի մասին նման վիրավորական արտահայտություն չեմ անի։ Մենք որևէ մեկին աղբանոցում չենք տեսնում, չենք ուզում տեսնել, և ավելի լուրջ գործեր կան, քան ինչ-որ ուժի աղբանոց գործուղելը։ Ի վերջո, աղբանոցները կան, կյանքում չեն վերանում, և ցանկացած քաղաքական ուժ կամ գործիչ ինքն է իր ճանապարհը հարթում դեպի աղբանոց»։

Թե քաղաքական դաշտում ի՞նչ փոփոխություններ կլինեն ապագայում, Գ.Պետրոսյանը նշեց.

«Մեր կուսակցությունը, հավատարիմ մնալով իր գաղափարախոսության հիմնական սկզբունքներից մեկին՝ միշտ ժողովրդի հետ, ժողովրդի կողքին և ժողովրդի համար, կարծում եմ՝ այս ակցիան այդ սկզբունքի շրջանակներում էր, իսկ թե այս ակցիան այլ քաղաքական ուժերի մոտ ի՞նչ մտահոգություններ, ի՞նչ ծրագրեր կհարուցի, ժամանակը ցույց կտա»։

Տեսանյութեր

Լրահոս