«Մենք մեր մասով մեր աշխատանքները կատարել ենք, կատարում ենք, կատարելու ենք։ Մենք ընդունել ենք հեղափոխությունը». Գագիկ Ծատուկյան

«Դուք գիտեք, անշուշտ, բոլորս գիտենք, որ ոչ սովորական քաղաքական իրավիճակում ենք գտնվում ներկայումս և, իհարկե, մեր պարտավորությունն է, որ մենք փորձենք ստեղծված իրավիճակը հաղթահարել բանակցությունների, պայմանավորվածութունների քաղաքական տրամաբանության մեջ և, ես ուզում եմ ընդգծել, որ նախորդ շաբաթ ձեր տված հարցազրույցը նաև այդպիսի հնարավորություն ստեղծեց։ Քանի որ այդ հարցազրույցի բովանդակությունից ակնհայտ էր, որ մենք ունենք քննարկելու բան, համենայն դեպս, որոշակի պատկերացումներ արդեն իսկ ակնհայտ է, որ համընկնում են, և դուք, ըստ էության, պաշտպանեցիք դեկտեմբերին Ազգային ժողովի արտահերթ ընտրություն անելու գաղափարը»,- այսօր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ըստ նրա՝ այսօրվա հանդիպման նպատակն այդ իրավիճակը քննարկելն է։ Ն.Փաշինյանը նշեց, որ կցանկանար լսել, թե Ծառուկյանի կարծիքով՝ ինչպես կարելի է հասնել այդ նպատակին և կիսվել իր պատկերացումներով։ Գագիկ Ծառուկյանը հավաստիացրեց, որ շարժման սկզբից ի վեր իրենք աջակից են եղել և միշտ եղել են ժողովրդի ու Փաշինյանի կողքին.

«Մենք մեր մասով մեր աշխատանքները կատարել ենք, կատարում ենք, կատարելու ենք։ Մենք ընդունել ենք հեղափոխությունը։

Այն պահից, երբ ձերբակալումն էր, մյուսն էր, մյուսն էր, ոչ ոք չէր պատկերացնում, որ կարող ա Սերժ Սարգսյանը հրաժարական տա, բայց մենք հենց էդ պահից ամբողջ իմ թիմով կանգնել ենք ձեր կողքին և միշտ էլ, «Արմենիա» հյուրանոցի մոտ էլ ասել եմ՝ ձեր ընտրյալը Նիկոլ Փաշինյանն է, ես ձեր ընտրյալի կողքին եմ։ 100 անգամ էլ դնենք, չընտրվի, միևնույնն է, ես ձեր հետ եմ, ձեր կողքին եմ և ընդունելով, ճանաչելով ձեզ, ձեր սկզբունքը, ձեր մոտեցումը, ձեր արդարությունը, ձեր պահվածքը, որ էսօր միասնական դրա կողմնակիցն ենք»։

Գ.Ծառուկյանը պատրաստակամություն հայտնեց պահել ու պահպանել ժողովրդի ցանկությունը։ Նա հիշեցրեց Փաշինյանի հետ իր առաջին հանդիպումը, որի ժամանակ ասել է, երբ Փաշինյանն ասի, այն ժամանակ էլ կանցկացնեն խորհրդարանական ընտրությունները.

«Հիմա ես պատրաստ եմ, որ միասնական քննարկենք, ժողովուրդը ուզում ա, դրա անհրաժեշտությունը կա, որ հետհեղափոխական նորից քայլեր չլինեն, որ ավելի ապահով, ավելի հանգիստ, որ ժողովուրդն արդեն իր ցանկացած կուսակցությանը ձայները տա, ապահով լինեն, զարգացում, առաջընթաց լինի։ Ես միշտ դրան կողմնակից եմ եղել, քո կողքն եմ եղել, քո կողքը լինելու եմ, քո ծրագրերին մեր հնարավորության սահմաններում՝ տնտեսության զարգացում, աջակցում, վստահություն, որ ժողովրդի վստահությունը, ժպիտը հարատև լինի, ինչ որ ձեր ուզածն ա»։

Ն.Փաշինյանը նկատեց, որ իրենց գործակցության պատմությունը ժողովրդին հայտնի է, այն եղել է հրապարակային և համոզվածություն հայտնեց։

Ըստ նրա՝ որոշ ուժեր շարունակում են սթափ չգնահատել իրավիճակը, կառավարությունը վայելում է ժողովրդի 90%-ի աջակցությունը և նման պայմաններում քաղաքական իրավիճակը չի կարող լարվել ի բնե, որովհետև լարվածության բևեռները չկան։

Վարչապետը հույս հայտնեց արդյունավետ խոսակցություն ունենալ, քանի որ ցանկացած իրավիճակ իրենք դիտարկում են համագործակցության և համաձայնության հնարավորություններ կառուցելու տրամաբանությամբ և, քանի որ մեր երկրում գործակցությունն ու երկխոսությունը պետք է դառնա քաղաքական հարաբերությունների հիմնական մշակույթը, հատկապես, որ իրենք կարծես ունեն որոշակի ընդհանուր եզրեր առնվազն դեկտեմբերին ընտրություններ անցկացնելու մասով.

«Խոսակցությունը նոր չի, երեկ ենք սկսել և հույս ունեմ, որ այսօր տրամաբանական հայտարարի կգանք»։

«Անպայման»,- արձագանքեց Գ.Ծառուկյանը։

Տեսանյութեր

Լրահոս