«Պարոն Շարմազանովն ասել է՝ գնդակը մեր դաշտում է, ո՛չ, ես կարծում եմ գնդակն իրենց դաշտում է». Լենա Նազարյան

«Քաղաքականության մեջ երկխոսությունը երբեք ու երբեք չպետք է դադարի, և այդ հնարավորությունը միշտ կա մեր կողմից: Մենք միշտ պատրաստ ենք երկխոսել, այդ հնարավորությունը նույնիսկ հոկտեմբերի 2-ի նախագծի քննարկումից և դրան հաջորդած իրադարություններից հետո սպառված չեմ համարում»,- այսօր ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը՝ մեկնաբանելով ՀՅԴ տեսակետը, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները հրատապ անցկացնելուն, առանց Ընտրական օրենսգրքի (ԸՕ) ընդունման և սուպերվարչապետության վերացման, կողմ կլինեն բանակցությունների և կոնսենսուսի դեպքում:

Ըստ նրա՝ քաղաքական ուժերը պետք է ավելի պարզ խոսեն, ասեն՝ արդյոք պատրաստվո՞ւմ են վարչապետ առաջադրել Փաշինյանի հրաժարականի դեպքում, արդյոք միանշանակ կո՞ղմ են, որ ընտրությունները տեղի ունենան դեկտեմբերին:

\Լ.Նազարյանի կարծիքով՝ այս հստակեցումները պետք է հնչեն, դրանք շատ կարևոր նախապայմաններ են բանակցությունների համար: Նա նշեց, որ կարելի է անգամ անտեսել հոկտեմբերի 2-ի չարաբաստիկ նախագիծը, որի շուրջ կոնսոլիդացվեցին ԱԺ ուժերը, նստել և խոսել՝ հասկանալու, թե ինչպես կարելի է անցնցում հանգուցալուծել քաղաքական ճգնաժամը:

Խմբակցության ղեկավարը նշեց, որ քաղաքական ուժերի կողմից իրենք չեն ստացել հավաստիացումներ.

«Դա պետք է շատ ուղիղ տեքստով ասել, ոչ թե տարբեր կերպ աջակցություն հայտնել հեղափոխությանը կամ վարչապետին»:

Խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանի խոսքով՝ նախնական այդ ուժերին առաջարկվել էր գալ համաձայնության ժամկետի շուրջ՝ դեկտեմբերին, ու կնքել հուշագիր, սակայն ժամակետի շուրջ նրանց անհամաձայնության պատճառով նաև հուշագրի հարցը առժամանակ առկախվեց:

«Պարոն Շարմազանովն ասել է՝ գնդակը մեր դաշտում է, ո՛չ, ես կարծում եմ գնդակն իրենց դաշտում է»,- հայտարարեց Լ.Նազարյանը:

Տեսանյութեր

Լրահոս