«Եթե մյուս կուսակցությունները գրագետ լինեն, մենիշխանություն չի լինի». Արմեն Բադալյան

«Փաստացի ստեղծված իրավիճակը ստիպում է, որ դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացվեն։ Երկրում այս հեղափոխական վիճակը սկսում է երկարել, ինչը դրական չէ ոչ միայն տնտեսության, այլև քաղաքական կյանքի համար»,- 168.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։

Նրա խոսքով՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու ամենահավանական տարբերակն այն է, որ վարչապետը հրաժարական է տալիս, ԱԺ-ն 2 անգամ չի կարողանում ընտրել վարչապետ, որովհետև շենքը շրջափակված է լինում. «Երկու անգամ չընտրելով վարչապետ՝ իրավունքի ուժով ԱԺ-ն լուծարվում է, որից հետո ԿԸՀ-ն մեկնարկում է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու գործընթացը»։

Եթե արտահերթ խորհրդարանական ընտրություններին Փաշինյանի գլխավորած ուժը ջախջախիչ մեծամասնություն լինի, ապա, ըստ Բադալյանի՝ դա կլինի բնական ճանապարհով, ոչ երկար ժամանակով. «Նախ՝ վարչապետի թիմակիցներն ԱԺ-ում և Երևանի ավագանիում կարող են լինել մեծամասնություն, իսկ մյուս կուսակցություններին արգելված չէ թափանցիկ ընտրությունների ժամանակ հաղթանակ տանել Հրազդան, Կապան, Էջմիածին քաղաքներում, հնարավորության դեպքում՝ Գյումրի, Վանաձոր քաղաքներում և ՏԻՄ մարմիններում վերցնելով իշխանություն՝ թույլ չտան, որ Հայաստանում մենիշխանություն լինի։

Եթե մյուս կուսակցությունները գրագետ լինեն, չի լինի մենիշխանություն։ Եթե անգամ մենիշխանություն լինի, ապա, այսպես թե այնպես, վարչապետի վարկանիշն անկում է ապրելու, հեղափոխական էյֆորիան ավարտվելու է, և մյուս ընտրությունների ժամանակ արդեն բոլորը հավասար պայմաններում կմասնակցեն ընտրություններին, և եթե գրագետ լինեն, ապագա խորհրդարանում  մեծամասնություն կունենան, իսկ վարչապետն ու նրա թիմակիցները կդառնան ընդդիմություն»։

Արմեն Բադալյանի կարծիքով՝ ստեղծված իրավիճակի պատճառը Հայաստանում չավարտված հեղափոխությունն է, և կապ չունի կառավարության կողմից իրականացվող քաղաքականության հետ. «Իհարկե, կառավարությունը թույլ է տալիս կոպիտ սխալներ՝ ինչպես երկրի ներսում վարվող քաղաքականության մեջ՝ սոցիալ-տնտեսական, դատաիրավական և այլ բնագավառներում, այնպես էլ՝ երկրի արտաքին քաղաքականության մեջ է շատ դեպքերում կոպիտ սխալներ թույլ տալիս»։

Քաղտեխնոլոգն ընդգծեց, որ այնուամենայնիվ հեղափոխությունը պետք է ավարտին հասցնել, հեղափոխական ուժերը դառնան իշխանություն. «Ժամանակն է, որպեսզի հեղափոխությունն ավարտվի, և ինստիտուտները կառավարեն, չլինի անձնիշխանություն, դա դրական չէ կառավարման բնագավառում»։

Դիտարկմանը՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների ընդդիմախոսներն ասում են, որ, եթե ընտրություններ լինեն, հեղափոխությամբ տարված հասարակությունը ձայները տա Փաշինյանի ուժին, նրանք չկարողանան ճիշտ կառավարել, արդեն ՀՀ պետականության համար է վտանգ ստեղծվում, նա այսպես արձագանքեց. «Ոչինչ չի խանգարում այդպես մտածող կուսակցություններին՝ ակտիվորեն մասնակցել ընտրություններին, ստանալ մեծամասնություն, երկիրը տանել ճիշտ ուղղությամբ։ Հայաստանի քաղաքական ուժերը մայիսից բարեփոխվելու ժամանակ ունեին, որպեսզի ստեղծված իրավիճակին ադեկվատ, մրցունակ ուժ դառնային, բայց տեղից չշարժվեցին։ Հենց դեկտեմբերին պետք է անցկացնել ընտրությունները, և այն կուսակցությունները, որոնք դրան դեմ են, թող մրցունակություն դրսևորեն, հաղթեն վարչապետի թիմակիցներին, մտնեն խորհրդարան, ձևավորեն կառավարություն, և դրանից երկիրը միայն կշահի։ Խորհրդարանը մրցունակ ուժերի տեղ է, ոչ թե՝ քաղաքականապես թույլ ուժերի։ Հասկանալի է, իրենք ասում են՝ մայիսին անցկացրեք, որ իրավիճակը հանդարտվի, ու հանգիստ մտնեն խորհրդարան, բայց ոչ, այդ դեպքում խորհրդարանը վերածվում է թույլ ուժերի հավաքատեղիի»։

Արմեն Բադալյանը նկատեց՝ ամենայն հավանականությամբ, դեկտեմբերին կլինեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ, և խորհուրդ տվեց կուսակցություններին՝ արդեն հիմա սկսել պատրաստվել. «2 ամիս կա, դա լրիվ բավարար է, որ քարոզարշավն իրականացնեն և իրենց ցանկալի բովանդակությունը ներդնեն ընտրողների գիտակցության մեջ»։

Տեսանյութեր

Լրահոս