Դաշնակցության երեք նախապայմանները
«Մենք ժամադրություն դեռ չենք ստացել: Բնականաբար, պատրաստ ենք բանակցությունների»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
Սակայն, ըստ նրա, ՀՅԴ-ն դեմ է արտահերթ ընտրությունների անհապաղ անցկացմանը. «Մեր կարծիքով՝ դա պետք է տեղի ունենա այն անհրաժեշտ քայլերը կատարելու տրամաբանությամբ, որոնց համար բավարար ժամանակ պետք է հատկացվի»:
Ա. Ռուստամյանի խոսքով՝ այդ անհրաժեշտ քայլերը երեքն են. առաջինը՝ ընտրությունները պետք է տեղի ունենան ոչ թե հին, այլ նոր Ընտրական օրենսգրքով, որի վրա այդքան երկար ժամանակ աշխատել են քաղաքական ուժերը, երկրորդ՝ ոստիկանությունը պետք է վերափոխվի ներքին գործերի նախարարության, որի վերահսկողությունը պետք է վերապահվի Ազգային ժողովին, երրորդ՝ ժամանակ, որն անհրաժեշտ է այս փոփոխություններն իրագործելու համար:
ՀՅԴ խմբակցության ղեկավարի խոսքով՝ 1 տարուց ոչ ավելի ժամկետ է պետք, որպեսզի այս ամենը կյանքի կոչվի, և բոլոր խնդիրները լիուլի լուծվեն: