Զոհրաբ Մնացականյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Հնդկաստանի արտաքին գործերի նախարարի հետ

Սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի շրջանակներում, արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել Հնդկաստանի ԱԳ նախարար Սուշմա Սուարաջի հետ։

Զրուցակիցները համակարծիք էին, որ հազարամյակների խորքից եկող և փոխադարձ հարգանքի ու վստահության վրա հիմնված հայ-հնդկական հարաբերություններում առկա է մեծ ներուժ՝ առավել հավակնոտ ծրագրեր ներկայացնելու ու փոխշահավետ համագործակցությունն առավել գործնական դաշտ տեղափոխելու համար: Այդ առումով ԱԳ նախարարներն ընդգծել են փոխադարձ բարձրաստիճան այցելությունների և արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև պարբերական խորհրդակցությունների անցկացման էական դերը: Երկկողմ օրակարգի առաջմղման գործում երկուստեք մեծապես կարևորվեց հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը:

Նախարար Մնացականյանն ընդգծել է Հայաստանի կառավարության հանձնառությունը ժողովրդի կողմից տրված մարդատի հիման վրա շարունակելու բարեփոխումների գործընթացը՝ ուղղված արդարադատության, օրենքի գերակայության, մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդմանը, սոցիալական և տնտեսական ոլորտներում հավասար հնարավորությունների ընձեռմանը, կառուպցիայի դեմ պայքարին:

Ներկայացնելով Հայաստանի զարգացման օրակարգը և դրա հիմնասյուներից հադնիսացող բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտում Հայաստանի ձեռքբերումներն ու փորձը՝ նախարար Մնացականյանը հավելել է, որ այդ օրակարգի առաջմղման գործում կարևոր մասնաբաժին ունի ստեղծագործ կրթությունը: Հայաստանի արտգործնախարարը շնորհակալություն է հայտնել գործընկերոջը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը միտված ծրագրերին Հնդկաստանի կառավարության կողմից ցուցաբերվող հետևողական աջակցության համար:

Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են միջազգային կառույցների շրջանակներում առկա կայուն համագործակցությունը և տարբեր միջազգային հարթակներում փոխադարձ աջակցությունը:

Հայաստանի և Հնդկաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր են փոխանակել մի շարք տարածաշրջանային խնդիրների և դրանց կարգավորման ուղիների վերաբերյալ դիրքորոշումների շուրջ: Այս համատեքստում կողմերը համակարծիք էին, որ հակամարտությունների բացառապես խաղաղ բանակցային հանգուցալուծումն այլնընտրանք չունի:

Տեսանյութեր

Լրահոս