Անառարկելի, բայց և պարտավորեցնող հաղթանակ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքներն իսկապես անսպասելի էին: Որ ընտրությունների արդյունքում «Իմ քայլը» դաշինքը լինելու էր առաջատար, որեւէ մեկը չէր կասկածում, սակայն հազիվ թե որեւէ մեկը հավատար, որ այն կստանա ավելի քան 81 տոկոս քվե:
Ճիշտ այնպես, ինչպես տարեսկզբին որեւէ մեկը չէր հավատում, որ Նիկոլ Փաշինյանին կհաջողվի թավշյա հեղափոխություն իրականացնել՝ պարտադրելով Սերժ Սարգսյանին հրաժարական տալ ու ՀՀԿ-ին հեռացնելով իշխանությունից:
«Իմ քայլը» դաշինքն իր ձայները ստացավ բացարձակ ազատ եւ արդար ընտրությունների արդյունքում. սեպտեմբերի 23-ի ընտրություններն անցան առանց միջադեպերի, առանց ընտրակեղծիքների, առանց ընտրակաշառքի, առանց վարչական ռեսուրսի կիրառման:
Եվ ընտրություններից հետո մասնակից բոլոր ուժերն անխտիր ընդունեցին արդյունքները, որեւէ մեկը չփորձեց բողոքարկել որեւէ տեղամասի արդյունք: Ու սեպտեմբերի 23-ի ընրությունները եւս մեկ անգամ ապացուցեցին՝ Հայաստանում ազատ եւ արդար ընտրությունների համար պետք էր միայն իշխանությունների քաղաքական կամքը:
Իհարկե, պետք է արձանագրենք, որ 81 տոկոս քվեն «Իմ քայլը» ստացավ Նիկոլ Փաշինյանի ու թավշյա հեղափոխության շնորհիվ: Այսինքն՝ դրանք ոչ թե «Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող Հայկ Մարությանի, այլ Նիկոլ Փաշինյանի քվեներն էին. ժողովուրդն այսպես իր աջակցությունը հայտնեց Փաշինյանի իշխանությանը` միաժամանակ տալով խորհրդարանը ցրելու եւ ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու քարտ բլանշ:
Բայց եւ Հայկ Մարությանը Երեւանի քաղաքապետ դառնալուց հետո պետք է խնամքով մոտենա իրենց հաղթանակին, պետք է աշխատել ուժերի գերլարումով չհիասթափեցնելու մարդկանց, որովհետեւ իրենք ստացել են գերակշիռ մեծամասնության վստահության քվեն:
Միաժամանակ, նա չպետք է կրկնի նախորդի սխալերը: Նա նաեւ չպետք է կրկնի նոր իշխանության վրիպակները` չկտրի ինստիտուցիոնալ հիշողության թելը, այսինքն՝ չպետք է իրականացնի կադրային ջարդ, այլ թավշյա սերնդափոխության ճանապարհով ընթանա:
Ինչ վերաբերում է ընտրություններին մասնակից ուժերին, ապա նրանցից յուրաքանչյուրը հետեւություններ պետք է անի՝ ի վերջո, որքա՞ն քվե ստացան իրենք ազատ եւ արդար ընտրությունների արդյունքում առանց իշխանության «դաբրոյի», առանց ընտրակաշառքի, առանց վարչական ռեսուրս կիրառելու:
Եվ որոշ քաղաքական ուժեր ճիշտ կանեն` մտածեն՝ արդյոք իմաստ ունի իրենց գոյությունը քաղաքական ասպարեզում, եթե արդար ընտրություններում սարսափելի քիչ ձայն են ստանում»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: