Բաժիններ՝

«Իմ քայլը» դաշինքը սեպտեմբերի 23-ը պատմական օր է համարում

Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը սեպտեմբերի 23-ը պատմական օր է համարում: Այս մասին սեպտեմբերի 19-ին Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում տեղի ունեցած նախընտրական հավաքի ժամանակ հայտարարեց քաղաքապետի թեկնածուն:

«Այս կիրակին իրոք պատմական օր է լինելու: 23 տարի անց մենք ունենալու ենք ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ: Սա առաջին ընտրությունն է, երբ մեր քվեն ոչ ոք չի գողանալու, չի կեղծելու, չի փոխելու: Այն հասնելու է ուղիղ իր նշանակետին»,- ասաց Մարությանը:

Քաղաքապետի թեկնածուն հանրահավաքի մասնակիցներին ներկայացրեց դաշինքի նախընտրական ծրագրի կարևոր 9 դրույթները: Մարությանի խոսքով` ընտրություններում հաջողության հասնելու դեպքում իրենք պատրաստվում են քաղաքացիների համար հարմարավետ դարձնել երթուղային տրանսպորտը:

«Բոլոր ավտոբուսները ունենալու են հովացման համակարգ: Գրեթե բոլոր ավտոբուսները հաշմանդամություն ունեցող մարդկանց համար ունենալու են անվասայլակով մուտք գործելու համակարգ, որից կարող են օգտվել նաև մայրիկներն ու տարեցները»,- նշեց Հայկ Մարությանը:

«Իմ քայլը» դաշինքն իր նախընտրական ծրագրում նաև էկոլոգիապես մաքուր տրանսպորտի մասին կետեր է ներառել:

«Մետրոն աշխարհում ամենաէկոլոգիապես մաքուր տրանսպորտն է: Մենք ուզում ենք առնվազն մեկ մետրոյի կայարան կառուցել «Թումո»-ի մոտ: Ուսումնասիրելու ենք նաև Երևանի մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանի շրջակայքը, որպեսզի այնտեղ կառուցեն բիզնես ու ուսումնական կենտրոններ, բազմաբնակարան շենքեր»,- նշեց «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածուն:

Հայկ Մարությանը քաղաքացիներին խնդրեց և հորդորեց սեպտեմբերի 23-ին գնալ ընտրատեղամասեր և մասնակցել ընտրություններին:

«Իմ քայլը» դաշինքի 46 կետից բաղկացած նախընտրական ծրագրի 9 կարևոր դրույթների մեջ է մտնում նաև 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչների համար վերաբնակեցման ծրագրի իրականացումը՝ բնակարանաշինության ոլորտում «համայնք-մասնավոր հատված» համագործակցության հնարավորություններն օգտագործելով, դպրոցաշինության զարգացումը, կանաչ տարածքների ընդլայնումը, վերելակների նորոգումը, բոլոր չգործող շատրվանների վերագործարկումը, նորերի կառուցումը:

Սեպտեմբերի 10-ին մեկնարկել է Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քարոզարշավը, որը կշարունակվի մինչև սեպտեմբերի 21-ը: Երևանի ավագանու ընտրությունների մասնակից քաղաքական ուժերը երևանցիներին ներկայացնում են իրենց նախընտրական ծրագրերը, հանդես գալիս Երևանի խնդիրների լուծման սեփական տեսլականով:

Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցում է 12 քաղաքական ուժ: Երևանի ավագանու ընտրությունների մասնակցելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովում գրանցվել են «Բարգավաճ Հայաստան», «Ժառանգություն», ՀՅԴ, «Հայք», «Երկիր ծիրանի», «Ռեֆորմիստների», «Ժողովրդավարական ուղի», «Օրինաց երկիր» կուսակցությունները, «Իմ քայլը», «Երևանցիներ», «Երևանի հանրություն», «Լույս» դաշինքները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս