«Եթե մենք չուժեղացնենք մեր դիտորդական կետերը, ապա մեկ ուրիշը կարող է նախաձեռնությունն իր ձեռքը վերցնել, ինչի հետևանքով կարող են տուժել խաղաղ մարդիկ». Էրդողան
Թուրքիան մտադիր է շարունակել իր դիրքերի ամրապնդումը Սիրիայի Իդլիբի տարածաշրջանում: Այդ մասին Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է սեպտեմբերի 17-ին օդանավում թուրքական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում՝ Ադրբեջանից վերադառնալուց հետո:
«Դա ճիշտ է, որ մենք Իդլիբում ամրապնդում ենք մեր զինվորականների դիրքերը: Մենք չենք կարող թույլ տալ, որ այնտեղ թույլ տեղեր ունենանք, ուստի մենք կշարունակենք ուժեղացումը: Եթե մենք չուժեղացնենք մեր դիտորդական կետերը, ապա մեկ ուրիշը կարող է նախաձեռնությունն իր ձեռքը վերցնել, ինչի հետեւանքով կարող են տուժել խաղաղ մարդիկ»,-Էրդողանի խոսքը մեջբերել է Haber Turk թերթը: Ավելի վաղ թուրքական ԶԼՄ-ները հայտնել են, որ հրամանատարությունը զինվորականներ է ուղարկել Իդլիբ, ինչպես նաեւ թուրքա-սիրիական սահման:
Ներկայում Թուրքիան 12 դիտորդական կետ ունի տարածաշրջանի սահմանի երկայնքով: Թուրք զինվորականների խնդիրների թվում է հսկողությունը տարածաշրջանում հրադադարի ռեժիմի նկատմամբ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: