Վալերի Օսիպյանը մանրամասներ է ներկայացրել այս օրերին իրականացրած ոստիկանության գործողությունների մասին
Սեպտեմբերի 15-ին տեղի ունեցավ ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի հերթական նիստը, որը վարում էր խորհրդի նախագահ, ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը:
Նա ողջունելով հասարակական խորհրդի անդամներին՝ հայտարարեց օրակարգն, ուր ներառված էր երկու հարց` Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի ներգրավվածության մասին և «Անվտանգ սեպտեմբեր՝ ապահով ուսումնառություն» միջոցառման արդյունքները:
Ոստիկանության պետը մանրամասն ներկայացրեց ոստիկանության գործողությունները այս օրերին, ինչպես նաև մեկ շաբաթ անց կայանալիք Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների ընթացքում: Վալերիյ Օսիպյանը ևս մեկ անգամ վերահաստատեց, որ կայանալիք ընտրությունները լինելու են աննախադեպ, բացառվելու է ցանկացած ընտրախախտում:
Քննարկվեց նաև ոստիկանության ծառայողների պատրաստվածության մակարդակը, խոսք եղավ մինչ քվեարկության օրը ոստիկանների համար նախատեսված դասընթացների ու հրահանգավորումների մասին:
Հասարակական խորհրդի անդամներն իրենց հուզող հարցերն ուղղեցին ոստիկանության պետին, որոնք հիմնականում վերաբերում էին քվեարկության օրը և դրանից առաջ հնարավոր ապօրինությունները բացառելուն և խորհրդի գործունեությանը:
Քննարկման ընթացքում որոշվեց նաև, որ ընտրության օրը խորհրդի անդամները ոստիկանների հետ կիրականացնեն աշխատանքներ ընտրախախտումներն ու ապօրինությունները բացառելու ուղղությամբ:
Հասարակական խորհրդի անդամ Ռաֆայել Աֆրիկյանը իր ելույթում ներկայացրեց «Անվտանգ սեպտեմբեր՝ ապահով ուսումնառություն» միջոցառման արդյունքները:
Խորհրդի անդամներն ու կամավորները ճանապարհային ոստիկանության հետ իրականացրած միջոցառումների ընթացքում շուրջ 6000 աշակերտի սովորեցրել են ճանապարհային երթևեկության կանոնները, անցկացրել դասընթացներ, օգնել դպրոցականներին անցնել փողոցները և այլն: Միջոցառումը ստացվել է, սակայն վեր հանվեցին նաև այդ ընթացքում ի հայտ եկած բացթողումները:
Նիստին քննարկվեցին նաև այլ հարցեր, ճշտվեցին խորհրդի հետագա անելիքներն ու ըստ մասնագիտական ուղղությունների հանձնաժողովների աշխատանքը: