Ճարպակալումից տառապողներն ավելի շատ են լինելու, քան սովյալները. ՄԱԿ-ի փորձագետներ
ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսական կազմակերպությունը (FAO) գտնում է, որ աշխարհին գլոբալ ճարպակալման համաճարակ է սպառնում ոչ ճիշտ սնվելու պատճառով:
«Եթե մենք շտապ միջոցներ չձեռնարկենք ճարպակալման ցուցանիշների աճը դադարեցնելու համար, շուտով աշխարհում ճարպակալումից տառապող մարդիկ ավելի շատ կլինեն, քան սովյալները: Գոյություն ունեն ճարպակալման գլոբալ համաճարակի առաջացման մի քանի գործոններ: Դրանցից անառողջ սննդաբաժինը առավել զգալին է»,-հայտարարել է FAO-ի գլխավոր տնօրեն Գրացիանու դա Սիլվան, որը ելույթ է ունեցել սննդամթերքի անվտանգությանը եւ առողջ սնվելուն նվիրված սեմինարին, որը կազմակերպել էր Վատիկանի գիտությունների պապական ակադեմիան: Նրա խոսքը մեջբերված է FAO-ի մամուլի տեղեկագրում:
Մամուլի տեղեկագրի համաձայն, ըստ վերջին գնահատումների, ներկայում աշխարհում 2,6 մլրդ մարդ ավելորդ քաշ ունի, ճարպակալումից տառապող մարդկանց բաժինը 2012 թվականին 11,7 տոկոսից 2016 թվականին հասել է 13,2 տոկոսի:
Ինչպես կարծում է FAO-ի ղեկավարը, դրա պատճառը ճարպերի, շաքարի եւ աղի բարձր պարունակությամբ բարձրկալիորիական մթերքների մատչելիության ընդլայնումն է, որոնց վաճառքները խթանվում են ագրեսիվ մարկետինգով ու գովազդով, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: