Աֆղանստանում ահաբեկչական գործողության զոհերի թիվը հասել է 68-ի
Աֆղանստանի Նանգարհար արեւելյան նահանգի վարչական կենտրոն Ջալալաբադի արվարձանում սեպտեմբերի 11-ի երեկոյան իրականացված պայթյունի զոհերի թիվը հասել է68-ի, վերքեր է ստացել 128 մարդ: Այդ մասին սեպտեմբերի 12-ին հայտնել են տեղական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով նահանգի առողջապահության նախարարության տվյալները:
Նախօրյակին TOLOnews հեռուստաալիքը հայտնել էր 30 զոհվածների մասին: Associated Press գործակալությունը, հղում անելով տեղի ոստիկանությանը, հայտնել էր 25 զոհվածների եւ 130 տուժածների մասին:
Երեքշաբթի, օրվա երկրորդ կեսին մահապարտ ահաբեկիչը պայթուցիկ սարք էր գործի դրել ցուցարարների բազմության մեջ, որոնք պահանջում էին պատժել տեղի ոստիկանապետին: ԶԼՄ-ների տվյալներով՝ բողոքի ակցիային ներկա էր մոտավորապես 400 մարդ:
Ցուցարարները վրաններ էին խփել Մոմանդ Դարայի շրջանում եւ որոշ ժամանակով արգելափակել Ջալալաբադ-Տուրհամ ավտոմայրուղին, երբ որոտացել Է պայթյունը: Երկրում գործող ծայրահեղական կազմակերպություններից ոչ մեկն առայժմ չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: