Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածուն վստահեցնում է՝ հանրության համար իրենց աշխատանքը դարձնելու է ավելի թափանցիկ
Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածու Երվանդ Խունդկարյանը վստահեցնում է՝ ընտրվելու դեպքում առաջին հերթին ձեռնամուխ է լինելու դատարանի լրատվական ծառայության ձևավորմանը, հանրության համար իրենց աշխատանքները թափանցիկ դարձնելուն:
Նա այս մասին ասաց սեպտեմբերի 11-ին ԱԺ-ում դատարանի ընտրության հարցի քննարկման ժամանակ ունեցած իր ելույթում:
«Վստահության քվեն ստանալուց հետո առաջին հերթին ձեռնամուխ եմ լինելու Վճռաբեկ դատարանում լրատվական ծառայության ձևավորմանը, որում պետք է ներգրավված լինեն ինչպես լրագրողներ, այնպես էլ իրավաբաններ: Բարձրացրածս մտահոգությունը կիսում է նաև Բարձրագույն դատական խորհուրդը: Նրանք պետք է հետևողական լինեն ԶԼՄ-ի հրապարակումների նկատմամբ, այդ հրապարակումները ներկայացնեն դատավորներին, հանրությանը տրամադրեն իրականությանը համապատասխանող տեղեկատվություն»,-ասաց թեկնածուն:
Հաճախ վստահության մակարդակը պայմանավորված է տեղեկատվությունով:
Նա նշեց՝ վճռաբեկ դատարանի որոշումները տեղադրված են համապատասխան կայքում, յուրաքանչյուր ոք կարող է գտնել այս կամ այն որոշումը: Դատարանը նաև տարեկան ընտրանիներ, գործունեության տարեկան հաշվետվություններ է հրապարակում, սակայն դրանք սահմանափակ քանակի պատճառով հասանելի չեն հասարակության լայն զանգվածին: Այս ուղղությամբ նա գործնական քայլերի ձեռնարկումը հրատապ համարեց:
Խունդկարյանը կարևորեց նաև Եվրոպական կոնվենցիայի 16-րդ արձանագրության վավերացումը Հայաստանի կողմից: Այն հնարավորություն է տալու Վճռաբեկ դատարանին՝ դիմելու Մարդու իրավունքների Եվրոպական դատարան՝ խնդրելով խորհրդատվական կարծիք տրամադրել այն սկզբունքային հարցերի վերաբերյալ, որոնք առնչվում են կոնվենցիայով սահմանված իրավունքների և ազատությունների կիրառմանը: Թեկնածուն վստահեցրեց՝ դա միայն դրական կազդի մեր դատական համակարգի վրա: