«Հայաստանի համար սա բավական մեծ պատիվ է և պատասխանատվություն». Զոհրաբ Մնացականյան

Հայաստանի համար մեծ պատիվ ու պատասխանատվություն է հյուրընկալելու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) 17-րդ գագաթնաժողովը: Այս մասին ՖՄԿ գլխավոր քարտուղար Միկաել Ժանի հետ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:

«Միկաել Ժանի այցը տեղի է ունենում Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովից մեկ ամիս առաջ, ուստի պատահական չէ, որ մեր քննարկման հիմնական թեման հենց գագաթնաժողովն է: Քննարկել ենք այն գերակայությունները, որ կան մեր ու ֆրանկոֆոն երկրների օրակարգում»,- նշեց Մնացականյանը:

Նա ընդգծեց, որ Ֆրանկոֆոնիան՝ որպես լեզվի բազմազանության և ֆրանսերենի տարածման լծակ կարևոր դեր ունի Հայաստանի համար: Նրա համոզմամբ՝ լեզուն կարևոր գործիք է՝ առաջ տանելու ընդհանուր արժեքները, նպատակները, համագործակցությունը:

«Ֆրակոֆոնիան հարուստ է իր անդամակցությամբ, իր մեջ ներառում է աֆրիկյան մայրցամաքի, հարավային, հարավ-արևելյան Ասիայի, Լատինական Ամերիկայի, Կարիբյան տարածաշրջանի, Հյուսիսային Ամերիկայի, Եվրոպայի երկրներ, որոնք աշխատում են միասին, օգտագործում են համագործակցությունն ընդհանուր արժեքներն առաջ տանելու համար. դրանք են բազմազանությունը, համերաշխությունը, մարդասիրությունը, մարդու իրավունքները, ժողովրդավարությունը»,- նշեց ՀՀ ԱԳ նախարարը:

Նա շեշտեց, որ հենց այդ արժեքներն առաջ տանելու շուրջ են կառուցված գագաթնաժողովի գերակայությունները: «Նպատակ ունենք հնարավորինս պրակտիկ արդյունքներ ունենալ ինչպես գագաթնաժողովին, այնպես էլ 2018-2020 թվականների մեր նախագահության ընթացքում: Վստահ եմ, որ գագաթնաժողովը մեծ և ուրախ իրադարձություն է լինելու Հայաստանի համար: Փորձում ենք որքան հնարավոր է ցույց տալ մեզ ու մեր մշակույթը, արժեքները»,- ասաց Մնացականյանը:

Չբացելով բոլոր փակագծերը՝ նա ընդգծեց, որ գործընկեր երկրների հետ ավարտին են հասցվում բանակցությունները գագաթնաժողովի արդյունքներով ստորագրվելիք փաստաթղթի շուրջ: Նա հայտնեց նաև, որ ընդունվելու են կարևոր բանաձևեր կանանց ու տղամարդկանց իրավահավասարության, երիտասարդության թեմաներով: Գումարվելու է նաև տնտեսական ֆորում՝ ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում:

Բացի այդ, Երևանի Ազատության հրապարակում հոկտեմբերի 7-12-ը գործելու է Ֆրանկոֆոնիայի ավանը, որտեղ շուրջ 40 տաղավարներում ներկայացվելու է հայկական մշակույթը, արվեստն ու արհեստը: Եզրափակիչ համերգին հանդես են գալու ֆրանկոֆոն աշխարհի տարբեր աստղեր:

«Հայաստանի համար սա բավական մեծ պատիվ է և պատասխանատվություն: Մենք Ֆրանկոֆոնիայի նոր, բայց բավական վստահ ու հպարտ անդամ ենք և մեր գործունեությամբ ու անդամակցությամբ փորձում ենք բազմակողմ համագործակցության այս հարթակն օգտագործել՝ առաջ տանելու այն ընդհանուր արժեքները, որոնք միավորում են անդամ պետությունները Ֆրանկոֆոնիայի շրջանակում»,- հայտարարեց արտգործնախարարը:

Տեսանյութեր

Լրահոս